Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս լուսանկարն արվել է Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում: Քաղաքապետարանի կողմից տեղադրված` առաջարկների արկղում ամեն ինչ կա, բացի՝ առաջարկից: Սա ոչ միայն ծաղր է քաղաքապետարանի նկատմամբ, այլեւ մեծագույն անտարբերություն, այսինքն` մեր հանրությունը մայրաքաղաքի զարգացման ապագան չի տեսնում ներկա թիմի օրոք:
Անտարբերությունը միանգամայն հասկանալի է, քանի որ քաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելիս երբեք հանրության կարծիքը հաշվի չի առնվել, ամեն թիզ հողը զավթվել է ու ապականվել` առանց որեւէ հարցում անելու, բացի այդ՝ բողոքի գործողություններին քաղաքային իշխանությունները վերաբերվել են արհամարհանքի բարձրագույն դրսեւորմամբ՝ ռեալ ու հասկանալի խոսքի փոխարեն ոստիկանական բիրտ ուժ կիրառելով: Եվ հիմա հանկարծ հարցնում են, թե` ինչ կուզենաք անել: Ընդ որում` սա քաղաքապետարանի միակ նմանատիպ նախաձեռնությունը չէ:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը բանկերից մեկի հետ համատեղ նախորդ տարվա ամռանը եւս նման մի նախաձեռնություն էր իրականացնում՝ «Ցանկությունների պատ»-ը: Բնակչությանը հնարավորություն էր ընձեռվել ներկայացնել իր կարծիքն ու առաջարկությունները քաղաքի տեսքի եւ դրա փոփոխությունների վերաբերյալ: Նախագիծը տեւեց հունիսի 1-16-ը, ապա հայտարարվեց, թե առաջարկների մեծ մասը Երեւանում եռաչափ պատկերներով ձեւավորում ունենալու փափագ է: Դա էլ մի քանի օրում պատրաստվեց եւ հանձնվեց երեւանցիներին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ըստ քաղաքապետարանի հավաստիացումների՝ եռաչափ պատկերներ փողոցներում տեսնելու երազանք ունեցել էր 4000 նամակ ուղարկածներից 800-ը:
Եվ քաղաքապետարանն անմիջապես կարողացավ որոշել, թե որտեղ եւ ինչ պատկեր կարելի է նկարել, ով կնկարի, ապա կապ հաստատել գերմանացի հայտնի մասնագետի հետ, համոզել, եւ անդունդի տեսքով պատկերված բավական բարդ նկարը հանձնվեց հարցման արդյունքներն ամփոփելուց ընդամենը 10 օր անց: Նշանակում է` այն վաղուց էր ծրագրված, պարզապես սա առիթ էր` ժողովրդի ցանկություն ներկայացնելու համար: Վախենանք, որ նույն պատմությունը կրկնվին նաեւ այժմ, եւ պարզվի, որ երեւանցիների գերակշիռ մասը ցանկանում է Ազատության հրապարակում թիթեռ նկարված տեսնել:
Այսօր Երեւանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդիկ երազում են լուծել եւ չեն կարողանում: Այս օրերին շինարարական տեխնիկայի առաջ են բառացիորեն պառկում Սայաթ-Նովա փողոցի հարյուրավոր բնակիչներ՝ պահանջելով չբետոնապատել իրենց բակը, Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են վերականգնել զբոսայգիները, քաղաքի կենտրոնում սնկի պես չաճեցնել սուպերմարկետներ, կենտրոնից լայնածավալ շինարարությունը տեղափոխել ծայրամասեր:
Եվ այսօր մեր քաղաքացիները առաջին հերթին տրցակներով նամակներ կգրեին հենց այս բաների մասին, այլ ոչ թե եռաչափ պատկերի...
Նման արկղերի տեղադրումը իսկապես գովելի նախաձեռնություն է, եթե քաղաքապետարանը լսելու է իր քաղաքացիների ձայնը, այլ ոչ թե, քաղաքացիների ցանկությունները վկայակոչելով, իր կամ ոմն օլիգարխի ծրագրերն է առաջ մղելու: Ամեն դեպքում` նույն հասարակության բողոքը որեւէ արդյունք չունեցավ բազմաթիվ շենքեր ապականելու ժամանակ: Եվ գուցե դա է պատճառը, որ քաղաքապետարանի նախաձեռնությանը մարդիկ վերաբերվում են ծաղրանքով ու անտարբերությամբ:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ