կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 11:33
Հասարակություն

Քաղաքապետարանին միայն զեկուցել են միջոցառման մասին. փողոցները փակ կլինեն մինչև ժամը 13:30-ը

Քաղաքապետարանին միայն զեկուցել են միջոցառման մասին. փողոցները փակ կլինեն մինչև ժամը 13:30-ը

Երևանի կենտրոնական փողոցները փակ են: Թվում էր` միայն մեր ավտոբուսի վարորդը տեղյակ չէ, որ այսօր փողոցները փակ են լինելու` թեկուզ ժամանակավորապես, բայց պարզվեց` վարորդներից ոչ ոք տեղյակ չէ այդ մասին: Բանն այն է, որ վազքի կիսամարաթոն է անցկացվում, որը մեկնարկել է Հանրապետության հրապարակից` ներառելով 4 վազքարշավ:

Քաղաքապետարանի «Թեժ գծից» yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենց սպորտի և երիտասարդության նախարարության կողմից գրություն է ներկայացվել` կիսամարաթոնի հետ կապված: «Ամենամյա կիսամարաթոն է վազքի` տևողությունը` 8:30-13:30»,- ասացին:

Հարցին, թե արդյո՞ք հանրային իրազեկում եղել է, պատասխանեցին, որ տեղյակ չեն. «Մեզ մոտ կա ուղղակի նախարարության գրությունը մարաթոնն անցկացնելու վերաբերյալ` հունիսի 18-ին ուղարկված»:

Հիշեցնենք, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի եղել արդյոք պատշաճ ծանուցում, որ փակ է լինելու հիմնական փողոցները, չէ՞ որ երթևեկությունը պարզապես կաթվածահար է եղել, պատասխանել էր. «Որքանով տեղյակ եմ պետք է քաղաքապետարանի լրատվության բաժինը համապատասխան ձևով ծանուցվեր, որ առավոտյան 8:00-13:30 փակ են լինելու մի քանի փողոցներ»: