կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 13:37
Քաղաքական

Արամ Սաֆարյանի թվերով` ՀՀ բնակչության 86 տոկոսը դրական է վերաբերվում ՄՄ-ին միանալու որոշմանը

Արամ Սաֆարյանի թվերով` ՀՀ բնակչության 86 տոկոսը դրական է վերաբերվում ՄՄ-ին միանալու որոշմանը

Եվրասիական ինտեգրման գործընթացների նկատմամբ Հայաստանի ազգաբնակչությունը դրական է տրամադրված. Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ այսօր ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի տնօրեն Արամ Սաֆարյանը:

 

Ըստ նրա` սեպտեմբերի 3-ից հետո, երբ արվեց Մաքսային միությանն անդամակցելու քաղաքական հայտարարությունը, հանրային կարծիքի ուսումնասիրման հարցումներ են իրականացվել, որոնցից մի դեպքում բնակչության 67 տոկոսը, մեկ այլ դեպքում' 80 տոկոսը դրական են վերաբերվում ՄՄ-ին անդամակցելու եւ Եվրասիական տնտեսական տարածքին միանալու որոշմանը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 11-ին իրենց ՀԿ-ն ու «Նորավանք» ԳԿՀ-ն համատեղ լայնածավալ հետազոտություններ անցկացրեցին Երեւանում եւ 10 մարզերում, հարցվեց մոտ 1000 հոգի: Հարցման արդյունքներով`  հարցվածների 86 տոկոսը, իսկ դա մեր հասարակության  զգալի մասն է, բավական դրական է վերաբերվում եվրասիական տարածքում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, Մաքսային միությանը, իսկ հետագայում ԵվրԱզԷՍ-ին անդամակցելու` ՀՀ ղեկավարության մտադրություններին:

 

«Ավանդաբար հայկական հասարակությունը շատ պրոռուսական է տրամադրված, եւ որ հասարակության 86 տոկոսը կարծում է, որ այդ որոշումը դրական կանդրադառնա երկրի տնտեսության ու կենսամակարդակի վրա, հաստատվում են եւս մեկ հետաքրքիր ուսումնասիրությամբ»,- իրենց կատարած հետազոտության թվերը ներկայացրեց Արամ Սաֆարյանը' հավելելով, որ այն դեպքում, երբ հասարակության 86 տոկոսը վստահում է Եվրասիական տնտեսական տարածքին, բայց միայն 10 տոկոսն է տեղյակ, թե ինչ է Մաքսային միությունը:

 

Արդյունքում, համոզված է Արամ Սաֆարյանը, կա վստահության անսահմանափակ ռեսուրս, որը պետք է օգտագործվի այն ժամանակ, երբ պետական ինստիտուտները, ՀԿ-ները, առանձին մարդիկ' մասնագետները, աշխատեն հասարակության հետ: Իսկ եթե այդ ռեսուրսը խելամիտ, ճիշտ չօգտագործվի, այդ տոկոսային ցուցանիշները կնվազեն: