կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-23 12:05
Քաղաքական

Հայաստանի ասորական և հունական համայնքները դրական են վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին

Հայաստանի ասորական և հունական համայնքները դրական են վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին

Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը և «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնեցին, որ իրենց համայնքները հիմնականում կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն կան որոշակի դրույթներ, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին ու ազգային մենթալիտետին:

Իրինա Գասպարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են նոր Սահմանադրության նախագիծը և հիմնականում դրական են տրամադրված: Ըստ նրա` այն կետը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների` ԱԺ-ում ներկայացվածությանը, միանշանակ դրական է ընկալվել: Սակլայն թեև, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն կա, Գասպարյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել` պատճառաբանելով, որ ինքը չի կարող ողջ համայնքի անունից միանշանակ հայտարարություններ անել, բացի դրանից` եթե ամեն ինչ ասի, կխախտի իրենց համայնքի բնակիչների` կարծիքը գաղտնի պահելու իրավունքը:

Նա նշեց, որ իրենք հիմնականում դեմ են այն դրույթին, որը սահմանում է երեխաների իրավունքները: Ասորական համայնքի ներկայացուցչի կարծիքով` երեխաները պետք է ունենան ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ, ինչը նոր Սահմանադրությամբ չի սահմանվում և կարող է մենթալիտետի փոփոխության պատճառ դառնալ:

Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչ Արայիկ Գրիգորյանն էլ կողմ արտահայտվեց սահմանադրական բարեփոխումների այն դրույթին, որը վերաբերում է փոքրամասնություններ` ԱԺ-ում ներկայացվածությանը: Նա նշեց նաև, որ իրենց համայնքում քննարկումներ եղել են, և որոշ կետերի վերաբերյալ թերի ընկալումներ կան, ինչը, ըստ համայնքի ներկայացուցչի, ժամանակի ընթացքում ենթակա է շտկման: Գրիգորյանի խոսքով` նոր Սահմանադրությանը «այո» ասելով`հասարակության զարգացումը նոր աստիճանի է բարձրանում: