Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այս տարվա բյուջեով ՄԻՊ-ին չի հատկացվելու 31 մլն դրամ, որը նախկինում լրացնում էին դրամաշնորհների հաշվին: Նա հստակեցրեց, որ այդ 31 մլն դրամից 10 մլն-ը հատկացվում էր ՄԻՊ արագ արձագանքման ծառայությանը, եւ եթե չգտնվի այդ գումարը, հունվարից ծառայությունը չի գործի:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ դա շատ ցավալի փաստ կլինի, որովհետև այդ ծառայության աշխատանքը բարձր է գնահատվել պետական տարբեր մարմինների կողմից: «2013թ. այդ ծառայությունն աշխատել է շուրջօրյա ռեժիմով, գնացել է տասնյակ ահազանգերի հետևից, արձագանքել ցույցերի, երթերի ու բախումների ժամանակ եղած դեպքերին: Կալանավայրերում, երբ մարդը փորձում է ինքն իրեն վնասել, ու պետք է այն կանխել, ոստիկանական բաժանմունքներում ու կամ զորամասերում, երբ պետք է կանխել տարբեր ծայրահեղ իրավիճակներ: Ընդհանուր թվով` 273 ահազանգի արագ արձագանք և հազարից ավելի զանգեր»,- բացատրեց ՄԻՊ-ը:
Անդրեասյանի խոսքով` այդ 10 մլն դրամն անհրաժեշտ է երեք հաստիքների, համակարգիչների, կահույքի ու գործուղումների համար: «Խնդրում ենք կառավարությանը, որ գտնվի այդ 10 միլիոն դրամը, որպեսզի չփակվի արագ արձագանքման ծառայությունը: Եթե մեկ- երկու համերգ կրճատվի, մեկ-երկու գործուղում կրճատվի, մեկ-երկու հոգու առողջապահական ծախսերի համար գումարներ չհատկացվեն, գուցե գտնվի այդ գումարը»,- նշեց նա:
ՄԻՊ-ը հավելեց նաև, որ նախկինում գումարները հայթայթվում էին միջազգային կազմակերպություններից ստացվող դրամաշնորհների հաշվին, սակայն որդեգրած նոր ռազմավարությամբ ՄԻՊ գրասենյակը որոշել է չդիմել դրանց, քանի որ ՄԻՊ գրասենյակը պետք է անկախ լինի ոչ միայն պետական մարմիններից, այլ նաև միջազգային կազմակերպություններից:
ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանն արձագանքեց, որ բոլոր գերատեսչություններն էլ բողոքում են, որ բյուջեով քիչ է հատկացվել իրենց գերատեսչությանը, բայց անգամ կառավարությունն է աշխատում դրամաշնորհներով, ուստի ՄԻՊ-ը կարող է շարունակել աշխատել դրամաշնորհներով, ինչը սուղ պայմաններում կփրկի ու թույլ կտա լիարժեք ներկայացվել ու աշխատել:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «ՄԻՊ կարիքները այլոց հետ անհամեմատելի են, որովհետև այլ տեղերում անհրաժեշտ են մեքենաներ և այլն: Հետո` իմ աշխատանքի նկարագրում նշված չէ, որ ես պետք է հայթայթեմ դրամաշնորհներ: Եթե կառավարությունը գտնում է, որ արագ արձագանքման ծառայությունը կարևոր չէ, ուրեմն` կանենք այնպես, ինչպես կառավարությունն է ծրագրել»:
Ալիկ Արզումանյանը հակադարձեց. «Սահմանադրությամբ նշված չէ, որ, օրինակ, դատական համակարգը պետք է ֆինանսավորվի USAID-ի կողմից»:
Հարց բարձրացրեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ասելով. «Կառավարությունը յոթ միլիոն դրամ է հատկացնում «Ճաքած նուռ»-ին, «Օջախի ծուխ»-ին, «Պարող-երգող տղաներ»-ին: Գուցե այդ երգող -պարող տղաները լուրջ ֆունկցիա են իրականացնում, բայց ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու է առաջարկ, որպեսզի կառավարությունը տրամադրի այդ 10 մլն դրամը: Գիտենք, որ կառավարությունը ներկայացնելու է այդ քոփի-փեստ պատասխանը, թե ավելի կարևոր առաջնահերթություններ կան: Ինչևէ, մենք կներկայացնենք այդ առաջարկությունը»: