կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 18:14
Քաղաքական

Արարատի «քույրիկների խումբ»-ն ու «պարող քաղաքապետը»

Արարատի «քույրիկների խումբ»-ն ու «պարող քաղաքապետը»

Արարատում երեք ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված իրազեկման հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Մենք ունենք քույրիկների մի խումբ, որոնց առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում: Նրանք ուզում էին ընդդիմությանը հրաժարական ու գովում էին իշխանություններին: Պարզվում է` այդպիսի քույրիկների խումբ էլ այստեղ ունենք»:

 

Պատգամավորը նշեց, որ չէր պատկերացնում, թե Արարատում կհավաքվի նման մեծ բազմություն: «Արարատի քաղաքապետը փորձել է թաքնվել երեխաների հետևում ու ինչ-որ բաներ է արել: Ես հետաքրքրվեցի, պարզվեց, որ խեղկատակություն է: Ուզո՞ւմ եք այդ երեխեքը լավ ապրեն, ուրեմն ատկատներ մի' արեք, մի' թալանեք ու ընտրություններ մի' կեղծեք: Հիմա` գող` սիրտը դող, մտածում են` ինչ անեն, որ այս եռամիասնությունը չկայանա, և դրա համար սիրուն քույրիկներին են ուղարկում: Մի ուրիշ տեղ էլ ճանապարհներ են փակում: Դրանք պարզ, պրիմիտիվ քայլեր են »,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը թեև տեսնում է, որ ժողովուրդը դեմ է կուտակայինին, շրջանառության հարկին, բայց ասում է, թե իբր ժողովուրդը չի հասկանում, որ իր համար կառավարությունը լավ բաներ է անում:

 

«Իշխանությո'ւն, այդ դու չես հասկանում, թե ինչ ես անում: Հայաստանը միջազգային հարթակներում կորցրել է իր հեղինակությունը: Օրվա մի կեսը Արևմուտքին ենք սեր խոստանում, մյուսը կեսը` Ռուսաստանին: Բայց մենք իրականում նրանց վասալն ենք»,- ասաց նա:

 

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ Արարատի քաղաքապետին` ասելով. «Մեզ սառը ցնցուղներով փորձեցին վախեցնել: Ավելի լավ է դա կիրառեին, քան թե երեխաների հետևում թաքնվեին: Ու ավելի լավ է, որ քաղաքապետն այդ համերգում պարեր, ոչ թե երեխաների հետևում թաքնվեր»: