Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ ունեն պայհմանավորվածություն` շատ մանրամասներ չհրապարակել, մինչդեռ որևէ գաղտնի բան չի քննարկվել:
«Մենք վստահ ենք մի բանում, որ «մեր դեմ խաղ չկա»-ի արմատավորված համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել, և պիտի առանց որևէ նախապայմանի միավորել մեր ուժերը հանդուրժողականության մթնոլորտում»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ պետք է անպայման լինեն արտահերթ ընտրություններ: «Այդ ընտրությունը մեկ ժամում կազմակերպելու խնդիր չէ: Արտահերթ ընտրության համար մենք պետք է առաջին լրջագույն քայլն անենք` բարեփոխել ընտրական օրենսգիրքը` հանելով ռեյտինգային ընտրակարգը, որը ապաքաղաքականացնում է ընտրությունը»,- շեշտեց պատգամավորը:
Նրա կարծիքով` մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք: «Մենք պետք է ընտրությունների գնանք` հստակ ունենալով լուրջ ընտրական օրենսգիրք, նաև կրկնաքվեարկությունները բացառելու ոչ թե ձևական, այլ ռեալ, տեխնիկապես զինված մեխանիզմ»,- ասաց Զոհրաբյանը:
Իսկ թե ի՞նչ ժամկետներ են քննարկել ընտրության համար, նա ասաց, որ ժամկետներ չեն քննարկել, ժամկետներ կքննարկվեն, երբ մայիսի 1-ից հետո կառավարությւոնը կունենա ղեկավար: «Մենք քննարկել ենք մեկ կարևոր խնդիր` անմիջապես պետք է սկսել պատրաստվել նոր ընտրություններին, պատրաստվել բոլոր քաղաքական ուժերով` խորհրդակցելով, գնալով փոփոխությունների»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ իրենց և Փաշինյանի տեսակետները համընկնում են, որովհետև նրանք ևս կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն` ԵԱՀԿ ԺՄԳ-ի բոլոր առաջարկությունները ֆիքսելով:
Հարցին` հնարավո՞ր է կոալիցիոն կառավարություն լինի, Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին կոռեկտ չեն նման հարցերը, այդ հարցերին կպատասխանեն մայիսի 1-ից հետո: Նա ընդգծեց, որ իրենց բոլոր պատգամավորները վաղը լինելու են քվեարկության ժամանակ: «Ծառուկյանն իր «կողմ» որոշումը արտահայտել է, 1-2 պատգամավոր Հայաստանում չեն, նրանք էլ ԱԺ քարտուղարություն կուղարկեն իրենց դիրքորոշումը` ծրարով»,- ասաց նա:
Իսկ արդյո՞ք վաղը կունենանք վարչապետ, թե՞ ՀՀԿ-ն չի քվեարկի: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ նման բան չի լինի: «Ունենք տեղեկություն Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումից. ուզում եմ հուսալ` այն, ինչ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որ իրենք չեն խոչընդոտի, եթե լինի կոնսենսուս մնացած երեք խմբակցությունների միջև, կիրականանա, որովհետև նման կոնսենսուս կա ՀՅԴ-ի, «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի միջև»,- ասաց նա: