Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ-ն որևէ որոշում չի կայացրել, պարզապես քաղաքական հանձնաժողովի նիստն օրակարգում ներառել է Բոբ Ուոլթերի «Բռնության էսկալացիան ԼՂՀ –ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածնքներում» հակահայ վերնագրով, նաև՝ բովանդակությամբ բանաձևը. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵԽԽՎ-ի երեկվա հակահայկական որոշումն ինչո՞վ էր պայմանավորված, և արդյո՞ք դա մեր պատվիրակության աշխատանքի թերացման արդյունք է:
«Սա որևէ մեկի համար անակնկալ չէր, որ քաղաքական հանձնաժողովը ներառելու է այս զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգում, և որևէ մեկի համար անակնկալ կամ նորություն չէ, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ խոսքն ավելի շատ վերաբերում է քաղաքական հանձնաժողովին, որովհետև Ադրբեջանն իր ամբողջ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային ռեսուրսները կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա:
«Ադրբեջանը լուրջ «ստավկա» է անում քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև իր համար շահեկան նախագծեր են ընդունվում: Եվրոպական տարբեր երկրների մամուլներում կան հրապարակումներ, որ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասն ամսական հստակ աշխատավարձ է ստանում Ադրբեջանից»,- հայտարարեց Զոհրաբյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է մեր պատվիրակության վատ աշխատելուն, ապա ես՝ որպես այդ պատվիրակության անդամ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` եթե ինչ-որ մեկը կարող է ներկայիս Եվրոպայի խորհրդում, որը վերածվել է Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության, կարող են շատ ավելի արդյունավետ աշխատեն, ես՝ ինքս, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պատրաստ եմ իմ տեղը զիջել այդ պատգամավորին: Ինչ որ կարող էինք, մենք արել ենք»:
Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ` ԵԽԽՎ բանաձևերը իմպերատիվ և պարտադիր կատարման ուժ չունեն: «Այս բանաձևն արժանանալու է այն ճակատագրին, ինչին արժանացել է 2005 թվականի՝ գրեթե նույնաբովանդակ բանաձևը: Այս զեկույցներում որոշ հատվածներ պարզապես copy-paste enէ արված: Խոսքը 14, 16 տխրահռչակ բանաձևերի մասին է: Եթե ԵԽԽՎ-ի նպատակը հերթական անգամ բանակցային գործընթացին վնասելն է, որովհետև, վնասից բացի, այս նախաձեռնությունը որևէ դրական բան չէ, որևէ կերպ չի օգնելու բանակցային գործընթացին: Նրանք հերթական անգամ ստեղծում են էսկալացիա»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով` հետո արդեն ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական ջանքերն է գործադրում՝ կողմերին հորդորելով գնալ վստահության մթնոլորտի ձևավորման:
«Նման քայլերով միմյանց նկատմամբ վստահության մթնոլորտ չեն ձևավորում: Նման քայլերով թիկունքից վնաս է հասցվում Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Ես մտածում եմ, որ երբ մեր գործընկերները վերադառնան Հայաստան, մենք պետք է քննարկենք Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունների հետագա որակը»,- շեշտեց Զոհրաբյանը: