Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ էր, ճիշտ է եւ չպետք է կորչի: Ամբողջ խնդիրն այն է, պարզաբանեց Վահան Հովհաննեսյանը, որ արեւելյան գործընկերների ինտեգրացման մեջ դերակատարը հիմնականում Արեւելյան Եվրոպան է, այսինքն` Եվրոպայի այն հատվածը, որը բոլորովին նոր` մի քանի տարի է, ինչ միացել է Եվրամիությանը:
Բուն Արեւմտյան Եվրոպան, որը ինքն է ստեղծել է ԵՄ-ն, մշակել ժողովրդավարական կուրսը, պրոցեդուրաները, ամբողջ Եվրամիության դեմքը` Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ ունեցել է մինիմալ դերակատարություն: Բանախոսը պարզաբանեց, որ այս երկրների մոտ, բնականաբար, հակառուսականությունը հստակ ուրվագծված է` պատմական հանգամանքներից ելնելով, ուստի Ռուսաստանը, հատկապես` Հայաստանի հետ տարվող աշխատանքների առումով, պրոցեսին վերաբերվել է նախանձով, խանդով, եւ արդյունքը բոլորին հայտնի է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ, ինչպես ներկայացրեց Վահան Հովհաննեսյանը, ակնհայտ է նեոկայսերական նոր ալիք: «Լուրջ կասկածներ ունեմ, թե դա կհաջողվի, որովհետեւ նույնպես կառուցված է հակադրությունների վրա: Եվ ահա այստեղ ես համարում եմ, որ մենք պետք է գնանք եվրաինտեգրացիայի ճանապարհով` հասկանալով սիտուացիոն լուծման կարեւորությունը, անհրաժեշտությունը, անխուսափելիությունը, անշրջելիությունը եւ այլն»,- բացատրեց Վահան Հովհաննիսյանը` շեշտելով, որ սա նշանակում է` մենք պետք է հասկանանք, որ նեոկայսերական նախագծի անհաջողության պարագայում պետք է ունենանք ելքեր, արդեն պետք է իմանանք, թե ինչին պետք է պատրաստ լինենք:
Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին հարաբերություններին, ապա մեր ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Բրյուսել, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով:
«Այսօր ավելի ու ավելի է կարեւորվում ուղղակի կապը Հայաստանի եւ Հին Եվրոպայի դերակատար պետությունների միջեւ` Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բենիլյուքսի երկրներ: Սրանք են այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական թիրախները. ուղղակի, անմիջական կապերով մենք պետք է վերականգնենք ու չկորցնենք այն ամբողջ պոտենցիալը, որ այս կամ այն ուղղությամբ կուտակվել է: Այս երկու ուղղություններով, ես կարծում եմ, Հայաստանը պետք է աշխատի, եւ այս ուղղությունների վրա աշխատանքն այն ասպարեզն է, որտեղ իշխանության ու ընդդիմության ջանքերը կարող են համատեղվել»,- իրեն արված դիվանագիտական աշխատանքի առաջարկին համաձայնություն տալու մոտիվացիան ներկայացրեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ խոսակցություններին, թե իրեն նշանակել են Գերմանիայում ՀՀ դեսպան, ու նշեց, որ երկրի անվանում չի նշվել, այլ ինքն իր հարցազրույցում նշել է, որ իրեն առաջարկ է արվել մեր երկիրը ներկայացնել արտասահմանում, առաջարկն իր եւ իր կուսակցության համար ընդունելի է եղել, որովհետեւ տեսնում են ապագա արտաքին հարաբերությունները` դիվանագիտական աշխատանքն այն ուրվագծի մեջ, որը ներկայացվեց: Իսկ թե երբ կնշանակվի եւ կամ որ երկիր, հայտնի չեն նաեւ իրեն:
Դիվանագիտական աշխատանքի առաջակը չմերժելուց հետո մամուլում հնչած արձագանքներին անդրադառնալով` բանախոսը նշեց, որ դրանց մի մասը պարզապես չիմացության, օրենքները չիմանալու հետ են կապված: Նա բերեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի օրինակը, որով դիվանագիտական աշխատանք է դիտարկվում նաեւ ներկայացուցիչների աշխատանքը եւ բոլոր տեսակի պատվիրակությունների աշխատանքները: Այսինքն` այն տեսակի աշխատանք, որն, ի վերջո, ընդդիմադիր շատ պատգամավորներ կատարել կամ կատարում են: Բայց կա նաեւ անդրադարձների երրորդ կատեգորիան, շեշտեց Վահան Հովհաննեսյանը: Սա արդեն հոգեվիճակին է վերաբերում: Մեր երկրում դեռ չի ամրապնդվել պետությունն ու իշխանությունը տարանջատելու ունակությունը: Այս հոգեվիճակը, ինչպես ներկայացրեց բանախոսը, գալիս է այն հանգամանքից, որ մեր հասարակության մեջ կա «Որքան` վատ, այնքան` լավ» մոտեցումը:
«Այսինքն` բոլոր ոլորտներում այնքան վատ լինի, որ ակնհայտ դառնա այս իշխանությունների ապիկարությունը: Ի միջի այլոց, այդ ապիկարությունը ակնհայտ դարձնելու համար որեւէ հավելյալ վատացումներ պետք չեն: Մենք պահանջել ենք այսօրվա իշխանության ամբողջական հրաժարականը, այսօրվա իշանությանը դեմ ենք, պահանջել ենք կառավարության հրաժարականը. նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ կառավարական բոլոր գործակալություններում, նախարարություններում կամ այլ մարմիններում աշխատող դաշնակցականները կամ այլ ընդդիմադիրները պետք է դոշները պատռած դուրս գան իրենց հիմնարկներից, բարձրանան սարերն ու ֆիդայի դառնան: Կարծում եմ, որ այդ մոտեցումը քաղաքակիրթ մոտեցում չէ: ՀՅԴ-ի համար «Որքան` վատ, այնքան` լավ» սկզբունքը չի գործել երբեք, նույնիսկ` բոլշեւիկյան իշխանության ժամանակ»,- իր ասածները պարզաբանեց բանախոսը:
Լրագրողների հարցին, թե` եթե իրեն նշանակեն դեսպան ու ի հայտ գան տեսակետների տարբերություններ ղեկավարության հետ, ապա ինչպե՞ս կվարվի, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ համագործակցել չի նշանակում նույնանալ, իր տեսակետները հայ-թուրքական արձանագրությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ չեն փոխվել: Իսկ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր իրեն դիվանագիտական աշխատանքի անցնելու առաջարկ են արել, շատ լավ գիտեն իր տեսակետների ու դրանց անփոփոխության մասին: Հայ-թուրքակայն հարաբերությունների վերաբերյալ էլ ՀՅԴ տեսակետները չեն փոխվել, բայց, ինչպես նշեց Հովհաննեսյանը, որոշակիորեն փոխվել են իշխանությունների մոտեցումները` ՀՅԴ ճնշումների ներքո: Նա ավելացրեց, որ եթե ՀՅԴ-ն տեսնում է, որ երկիրը վտանգի առջեւ է, իրենք չեն կարող ձեռքները ծալած նստել ու ասել` թող կործանվի, որ ապացուցվի` իրենք ճիշտ էին:
Ինչ վերաբերում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ աշխատելուն, որի հրաժարականը պահանջում էր ՀՅԴ-ն, Վահան Հովհաննիսյանը նշեց, թե 2015 թվականին ընդառաջ, երբ թուրքական գործոնը Եվրոպայում գնալով առավել նկատելի ու սպառնալից է դառնում, գործունեության հիմնական սկզբունքը ակնհայտ է: Բայց քանի որ ամեն ինչն հնարավոր է, եւ կարող են լինել նաեւ անհամատեղելի տեսակետներ ու մոտեցումներ, ապա ինքը, ինչպես եղել է, օրինակ` ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դեպքում, կարող է հանգիստ հրաժարական տալ: Վահան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ապագայում իր` դեսպանի պաշտոնի հավանական նշանակումն ամենեւին չի նշանակի, թե ՀՅԴ-ն դանդաղորեն կամ որեւէ այլ կերպ միանում է իշխանությանը:
«ՀՅԴ-իշխանություններ հարաբերությունների մեջ ցանկացած փոփոխություն կարող է պայմանավորված լինել իշխանության քաղաքական փոփոխություններով: Որովհետեւ մենք երբեք չենք փոխվել, ասել ենք նույնը` կոալիցիայի մեջ ու կոալիցիայից դուրս»,- հստակեցրեց Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանի բոլոր պարզաբանումները կարող եք դիտել այստեղ`