Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
705 թիւն էր։ Հայաստանում հաստատուել էր արաբական տիրապետութիւն եւ Արմինիայում կ՚իշխէին արաբ Ոկը բա զօրավարն ու Կասմ(Քասըմ) ոստիկանը։ Այդ տարի արաբների խալիֆ Ապտիւլմելիքը կնքել էր իր մահկանացուն եւ գահը ժառանգել էր նրա որդի Վալիտը, ում մեր պատմագիրները Վլիթ անունով կը յիշեն։ Սրանք նաեւ Եղիայի կաթողիկոսութեան տարիներն էին։
Ոկը բա զօրավարը խաբեութեամբ կը հրաւիրէ 703-705 թթ.-ին զինուած ապստամբութիւն բարձրացրած եւ նրանց դէմ պայքարող հայ իշխաններին եւ երեւելիներին։
Քասըմը նրանց կը փակէ Նախիջեւանի եւ Խրամի եկեղեցիներում եւ ողջ-ողջ հրի կը մատնէ։ Տարին հայոց յուշերում կը մնայ որպէս «կրակի» կամ «հրոյ» տարի։ Հայաստանը կը զրկուի բազմաթիւ նախարարական տոհմերէ։
Ողջակիզուածների մէջ էր նաեւ Գողթնի իշխան Խոսրովը, ում մանկահասակ («մանուկ մի փոքրիկ իբրեւ ամաց չորից») որդի Վահանը կը փրկուի սպանդէն։
Ալիշանը այսպէս կը պատկերէ. «այսպիսի հրածաւալ ծիրանի ծովու մը խռուացեալ եղեգէն դուրս վազեց յետին պայազատն Գողթան, պատանեկիկն Վահան, որոյ հայրն Խոսրով իր պատուակցաց հետ սրոյ եւ հրոյ մէջ վկայելով, վերջին եւ վեհագոյն ժառանգութիւն թողուց այս երեխայ որդիքն իւր նահատակութեան եւ սրբութեան անունը, զոր եւ սա սքանչելապէս ժառանգեց, աճեցուց եւ փայփայեց»։
Մնացեալ հայ իշխանորդիներու հետ Վահանը գերի կը տարուի Դամասկոս եւ բռնի կերպով կրօնափոխ կ՚արուի։ Նրա անունը այլեւս Վահապ է։
Վահապը 14 տարի կ՚ուսանի արաբական արքունիքում, կը ստանայ լաւ կրթութիւն, կը տիրապետէ լեզուների եւ քանի որ լաւագոյն աշակերտը կ՚ըլլայ, շուտով կը դառնայ արքունի դիւանադպիրը։
719 թուին արաբ խալիֆ Օմարը (Էօմեր) ներում կը շնորհէ հայ քրիստոնեաներուն՝ թոյլ տալով նրանց վերադառնալ հայրենիք։ Այս գործի մէջ մեծ էր նաեւ Յովհան Օձնեցու աւանդը, ով եկել էր խալիֆի մօտ։
Վահապը նոյնպէս խալիֆին ցանկութիւն կը յայտնէ դառնալ իր երկիր. «Արդ որպէս քաղցրացոյց Աստուած զձեր գութդ առ իս ողորմութեամբ, արձակեցէք, որ տեսանեմ զորչափութիւն աւերածոյ երկրին իմոյ հայրենեաց…»։
Էօմերը, որ շատ կը սիրէր իւր դիւանադպիրին, կը փորձէ յորդորներով ետ պահել Վահապին. «մի թողուր զմեզ որդեակ եւ եթէ պակասութիւն ինչ կարծես զքո կենացդ, երեւելի թագաւորութեանց իմում առնեմ զքեզ փառաւոր իշխանութեամբ եւ գանձիւք»։
Վահանը հաստատակամ էր։ Նա կը դառնայ իր հայրենի Գողթնը՝ վերադարձի պայմանով։ 720-ին Էօմերը կը վախճանուի։ Վահանը իր երդումը կատարելու իմաստը այլեւս չի տեսներ ու կը մնայ Հայաստանում։
Գողթնում նա կ՚ամուսնանայ Սիւնեաց իշխանի դստեր՝ իր զարմուհու հետ եւ «13 հանգիստ» տարիներ կ՚իշխէ եւ կը շէնցնէ իր հայրենի գաւառը։
Սակայն մանուկ հասակում իսլամացած լինելու կնիքը հանգիստ չէր տալիս Վահանին։ Այդ միջոցին արաբ նոր խալիֆը հրաման կ՚արձակէ գտնել եւ ետ բերել նրան Դամասկոս։ Ահա կը սկսէ Վահանի դեգերումների շրջանը։
Դուրս գալով Գողթնից՝ քանի մը տարի նա կը շրջէ երկրէ երկիր, Վայոց ձորով «վաղվաղակի կը հասանէր յաշխարհն Վրաց, որ անդն էին յազատաց նորա մերձաւորք», Գուգարքում 1 տարի մնալէ ետքը նա «դարձեալ եկն ի Հայս յԱրագածոտն», ապա՝ Վաղարշապատ, ուր կաթողիկոսը նրան կը յորդորէ գնալ «յանապատ ուրեք», ապա կը մեկնի Շիրակի վանքերէն մինը (ենթադրաբար Խծկոնք)՝ ճգնելու. «այս անծանօթ տեղուանքը մտաւ Վահան անոք անօգնական, , առանց պաշարի եւ պաշտպանութեան»։ Այստեղ «խաղաղեցաւ Վահան ինչպէս ալեկոծեալ նաւն ի հանգստարանն»։
Ապա կ՚իջեւանէ Թեղենեաց եւ Յովհաննու վանքերում, ետքը կը հասնէ Արծկէ քաղաքի մօտ՝ Երաշխաւոր վանքը, ուր նրան 3 օր կը հիւրընկալէ Արտաւազդ-Աբրահամ վանահայրը, ով հետագայում կը գրէ Վահանի վարքը։
Վահանն ապա ինքնակամ մեկնել է Ռուծափ՝ արաբ խալիֆների ամարանոց, եւ խոստովանել իր քրիստոնեայ ըլլալը։ Երկար չարչարանքներէ ետքը գլխատուել է՝ մարտիրոսական պսակ ընդունելով եւ դասուելով սրբերի շարքին։
Քոյրը՝ Խոսրովիդուխտը նրան շարական է ձօնել, որ կ՚երգուի նրա յիշատակութեան օրը. «… որպէս զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ, կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ…»։
ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
www.agos.com