կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 10:11
Առանց Կատեգորիա

Անսկզբունքայնության սկզբունքը

Անսկզբունքայնության սկզբունքը

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Գրիգոր Գրիգորյանը պաշտոնից ազատվեց գրեթե աննկատ: Մինչդեռ նրա ինքնագործունեության արդյունքում մասսայաբար խախտվել էին տեսչության մի քանի տասնյակ նախկին աշխատակիցների իրավունքները, նոր կառույցի ստեղծումը փաստացի տապալվել էր, տեսչության գործառույթների իրականացումը` խափանվել:

Ստեղծված կադրային այս քաոսի համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Գրիգորյանի անաղմուկ հեռացումը փաստացի ապահովեց հանրապետության վարչապետը, թերեւս իր բերած «կադրի» քաջագործությունները մոռացության մատնելու եւ դրանց համար իր բաժին պատասխանատվությունից խուսափելու համար:

Մինչդեռ բոլորն են հիշում, թե անցած երկու տարիներին կառավարության նիստերի ժամանակ նույն վարչապետն ինչպիսի շոուներ էր սարքում այս կամ այն թերացման, հակակոռուպցիոն պայքարում բավարար ջանքեր չգործադրելու մեղադրանքներով մարդկանց ազատելու անուղղակի հրահանգներ իջեցնելիս: Ինչ է՝ մյուսների մեղքե՞րն էին շատ, թե՞ երբ հարցը հասնում է սեփական կադրի համար պատասխանատվությանը, սկզբունքները դառնում են երկրորդական:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում կադրային քաղաքականությունն առհասարակ որեւէ սկզբունքների, տրամաբանության չի ենթարկվում: