կարևոր
7192 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-31 13:11
Քաղաքական

«Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը»․ Անդրանիկ Թևանյան

«Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը»․ Անդրանիկ Թևանյան

Եկեք իրար կողք դնենք երկու լուր և տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և դրա շուրջ։

1․ ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի կնոջը պարտադրել են ազատվել աշխատանքից, ինչից հետո սեփական դիմումով ԱԱԾ–ից հեռացել է նրա որդին՝ որպես պատճառ ներկայացնելով մոր դեմ ապօրինի քայլերը։

2. «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է․ «Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա»։

Այս երկու լուրերը միմյանց հակասում ու բացառում են։ Իրականությունն այն է, որ Հայաստանում իրավաքաղաքական «բեսպրեդել» է։ ԱՄՆ–ը շատ լավ գիտի այդ մասին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը Ադրբեջանին հանձնելու և պրոթուրքական գիծն առաջ տանելու միջոցով իրականացնում է դրսի իր կուրատորների թելադրանքը և վարում Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականություն, ուստի Փաշինյանի գլխավորած Հայաստանը գնահատվում է պայծառ կետ։

Սա ամերիկյան հայտնի սկզբունքի դրսևորում է։ Նիկոլն իրենց ուզածն է անում, մնացածն իրենց չի հետաքրքրում։ Ցինիզմն այս պատմության մեջ այն է, որ «պայծառ կետի» համար նախատեսված է մատաղացու գառան կարգավիճակը։ Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Բայց դրա համար ԱՄՆ–ին պետք չէ մեղադրել։ Ամեն մեկն իր շահն ունի։ Այլ հարց է, որ Նիկոլն իր շահերը սպասարկում է Հայաստանի ու Արցախի հաշվին։

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր