կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-06 13:42
Հասարակություն

Խաղաքարտ` Թուրքիայի դեմ, որը չենք օգտագործում

Խաղաքարտ` Թուրքիայի դեմ, որը չենք օգտագործում

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթը օգոստոսի 1-ին սենսացիոն հոդված էր հրապարակել Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու վերաբերյալ:

 

Թուրքիայի կրթության նախարարության Ստամբուլի բաժանմունքի տնօրենի օգնականներից մեկի ստորագրությամբ պաշտոնական գրության մեջ ասվում է, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում պետք է նշված լինի գաղտնի կոդ. հույների համար սահմանված է «1», հայերի համար` «2» եւ հրեաների համար` «3» կոդը: Այս գաղտնագրերի օգնությամբ Թուրքիան տարիներ շարունակ ազգային փոքրմասնությունների նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք:

 

Այսօր «Մեդիա կենտրոն»  ակումբում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը հայտարարեց, որ «Ակօսի» բացահայտումը նորություն չէր, պարզապես այնդ մասին նոր է բարձրաձայնվում:

 

«Այդ գաղտնագրերի իրողությունը  ցավալի փաստ է Եվրամիության դռներն անվերջ թակող Թուրքիայի և վտանգավոր` մեզ համար»,-ասաց նա և հավելեց, որ մենք չգիտենք,  թե  քաղաքական ինչպիսի զարգացման դեպքում այդ գաղտնագրերը կօգտագործվեն:

 

Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` Թուրքիայում նման դրսևորումները նորություն չեն:  «Այդ հատուկ նշագրումներով փորձել են տարբերակել հայրին,  նույնիսկ եղել են ընտանիքներ, ովքեր չեն էլ իմացել, որ իրենց հայկական արմատների մասին, բայց, ինչպես Հրանտ Դինքն էր ասում, դու հնարավոր է մոռացած լինես քո արմատների մասին, բայց պետությունը չի մոռանում»,- ասաց նա:

 

Թուրքագետ Լիլիթ Գասպարյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարացումը Թուրքիայում ձևական բնույթ ունի: «Թուրքիան  միշտ  էլ  խտրականություն է դրսևորել փոքրամասնությունների նկատմամբ, պարզապես զարմանալի է, որ Հայաստանում դեռևս զարմանում են և նման կերպ արձագանքում բացահայտված իրողությանը»,- ասաց նա և ցավով փաստեց, որ գաղտնագրերի փաստը, որը հզոր խաղաքարտ է Թուրքիայի դեմ, մենք չենք կարողանում ինչպես հարկն է օգտագործել:

 

Թուրքագետը փաստեց  նաև, որ հոդվածը, որն «Ակօսում» հրապարակվել էր օգոստոսի 1-ին, հայկական ԶԼՄ-ները տարածեցին միայն հաջորդ օրը: Մինչդեռ նախորդ օրը  այն արդեն դարձել էր թուրքական մամուլի քննարկման առարկան: Օրինակ բերելով  օրեր առաջ հայ-թուրքական սահմանին թուրք հովվի սպանությունը` Գասպարյանն արձանագրեց, որ թուրքերին  հաջողվեց մի քանի րոպեում  այդ ինֆորմացիան իրենց հարմար ձևով տարածել միջազգային լրատվամիջոցներով: «Սենսացիոն բացահայտումից անցել է  5 օր, բայց  մենք չենք կարողանում օգտագործել մեր խաղաքարտը»,- ասաց նա: