|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել ազատամարտիկները, ովքեր ամիսներ շարունակ պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Նրանք կառավարությանը մի շարք պահանջներ են ներկայացրել, ստացել որոշ հարցերի լուծման խոստումներ, սակայն այդպես էլ որեւէ հարց լուծում չի գտել:
Մասնավորաբար` նրանք պահանջում են վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, կատարել վերահաշվարկ եւ փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, նաեւ՝ նրանց ընտանիքների անդամներին:
Ազատամարտիկները հանրահավաքում հայտարարեցին, թե սկսում են «երկիրը մաքրելու գործընթացը»։
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, ով արդեն կես ամիս է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, ելւույթում ասաց, որ պետք է ազատամարտիկներն ու երիտասարդները միասին որոշեն անելիքները: Հանրահավաքին ներկա էին նաեւ տրանսպորտի թանկացման դեմ ակտիվ պայքարող երիտասարդներ:
Հանրահավաքի ավարտին մասնակիցները երթով շարժվեցին Երեւանի քաղաքապետարան՝ միանալու ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարածներին: