Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում թերևս չի գտնվի մի մարդ, ով գոնե մեկ անգամ չի լսել ճապոնական Հիրոսիմա քաղաքի անունը կամ չգիտի այդ քաղաքի հետ կատարված այն մեծ ողբերգությունը, որ տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտին, երբ այդ երկրի հետ պատերազմական դրության մեջ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային ռումբ նետեց խաղաղ բնակչության վրա` դառնալով հարյուրհազարավոր զոհերի պատճառ:
Վստահաբար կարելի է պնդել` Հիրոսիմա անունն իր ողբերգական պատմությամբ հայտնի է գրեթե բոլոր հայերին ու ընդհանրապես հայաստանցիներին: Սակայն խիստ կասկածելի է, որ նույն Ճապոնիայում տասը հազար մարդու մեջ կգտնվի գեթ մեկը, ով երբևէ լսել է 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանության մասին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն մարդ: Հետևաբար, հարց է ծագում` ո՞ւմ է առավել անհրաժեշտ «լուսավորել» մարդկային պատմության այս երկու մեծագույն ողբերգությունների մասին անհրաժեշտ հիշեցումներով` հայերի՞ն, թե՞ ճապոնացիներին: Հարցը, բնականաբար, պատասխան չի ակնկալում, քանզի ամեն ինչ առավել քան ակնհայտ է:
Եվ ահա այս պարագայում փոքր-ինչ անհասկանալի է մեր արտգործնախարարության, մասնավորապես` Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի նախաձեռնությունը` Երևանում տեղադրել հուշաքար` նվիրված Հիրոսիմայի զոհերի հիշատակին: Հիրոսիմայի զոհերի հիշատակին թող հազար հուշաքար դրվի մեր քաղաքներում, բոլոր դեպքերում էլ դա արդարացված կլինի, սակայն որքանո՞վ է արդարացված այն գործելակերպը, ըստ որի` փոխանակ Ճապոնիայում նախաձեռնելու նման բան, որպեսզի այդ երկրում գոնե փոքր-ինչ տեղեկանան 20-րդ դարի հայոց մեծագույն ողբերգության մասին, մենք ենք ահա այսպես ջանադրաբար մտածում ճապոնացիների մասին: Ինչո՞ւ ՀՀ դեսպանի համար առ այսօր հոգու պարտք ու պարտականություն չի դարձել երևելի մի խաչքարով կամ հուշակոթողով հեռավոր Ճապոնիայի մայրաքաղաքում կամ նույն Հիրոսիմայում ոչ միայն հարգել տալ մեր միլիոնավոր զոհերի հիշատակը, այլև այդ զոհերի մասին ճապոնացիներին պարզապես իրազեկել:
Հուլիսի 18-ին տեղի ունեցած Երևան-Տոկիո-Հիրոսիմա հեռուստակամրջի ժամանակ Հայաստանի դեսպանը` խոսելով Երևանում Հիրոսիմայի զոհերի հիշատակին հուշաքար տեղադրելու նախաձեռնության մասին, որն, ամենայն հավանականությամբ, շուտով իրականություն կդառնա, հիշել է նաև, որ ինքն այդ քաղաք այցելել է դեռ 1987-ին և գրառում կատարել հյուրերի համար նախատեսված մատյանում: «Հիրոսիմայի ողբերգությունը ոչ միայն Հիրոսիմայի, այլև ամբողջ աշխարհի ողբերգությունն է»,- գրել է Հրանտ Պողոսյանը: Միանգամայն ճշմարիտ խոսքեր: Բայց մի՞թե աշխարհի ողբերգությունը չէ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
Նկարը` Խորեն Տեր-Հարությունյանի