կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 19:23
Հասարակություն

«Արարատը մերն է». թե ինչո՞ւ 1945-ին չհաջողվեց վերադարձնել հայկական հողերը

«Արարատը մերն է». թե ինչո՞ւ 1945-ին չհաջողվեց վերադարձնել հայկական հողերը

Yerkir.am-ը ներկայացնում է խորհրդային և ռուսաստանյան «Սովերշեննո սեկրետնո» («Հույժ գաղտնի») ամսագրի հոդվածը, որ նվիրված է ԽՍՀՄ մտադրությանը` վերադարձնել ժամանակին Ռուսական կայսրությանը պատկանած և թուրք-բոլշևիկյան համագործակցության արդյունքում Թուրքիայի Հանրապետության կազմում ընդգրկված հայկական հողերը:

Խորհրդային ժամանակներից հայտնի  և հեղինակավոր «Սովերշեննո սեկրետնո» ամսագիրը (այն գնելու համար հերթեր էին կանգնում, իսկ լրագրավաճառները հաճախ գինն էին բարձրացնում) հիմնադրվել է 1989-ին գրող Յուլիան Սեմյոնովի կողմից, որի ամենահայտնի գործերից է «Գարնան տասնյոթ ակնթարթ»-ը: Նույն թվականին ամսագրի աշխատանքներում ընդգրկվել և «Սովերշեննո սեկրետնո» հոլդինգի գլխավոր տնօրեն է դարձել հայտնի լրագրող Արտյոմ Բորովիկը` քաղաքական մեկնաբան, գրող Հենրիխ Բորովիկի որդին: 

Ամսագիրը տպագրվում է մինչ օրս, 2019-ի դրությամբ` բացի Մոսկվայից, հրատարակվում է նաև Ալմա Աթայում, Ռիգայում, Տարտուում, Թբիլիսիում և Խաբարովսկում:

Ինչո՞ւ են թուրքերը սիրում Լենինին

ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը գծվել է 1921-ին ստորագրված՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: Դրանց նախորդել էր հայ-թուրքական պատերազմը:

Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որը խորհրդային պատմագրության մեջ ավելի հայտնի է որպես «դաշնակցական հանրապետություն», ոգևորված Անտանտայի և ջախջախված Օսմանյան կայսրության միջև կնքված՝ Սևրի խաղաղ պայմանագրի դրույթներով, որոշել էր իրականացնել մեծ հայկական պետության ծրագիրը, որը ներառում էր նաև Տրապիզոն, Էրզրում և Վան քաղաքները: Ընդ որում՝ ռազմավարական նշանակություն  ունեցող Կարս քաղաքը, որն իրավամբ համարվում էր «Փոքր Ասիայի բանալի», 1877-1878 ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ընդգրկվել էր Ռուսական կայսրության կազմում, իսկ այդ պահին Հայաստանի Հանրապետության կազմում էր: 1920 թ. սեպտեմբերի 20-ին մոտ 30 հազարանոց հայկական բանակը գրավեց Օլթի քաղաքը: Սակայն այստեղ նրանց դիմակայում էր ոչ թե բարոյալքված օսմանյան բանակը, այլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ենթարկվող զորամիավորումները՝ գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որին հետագայում Աթաթուրք էին կոչելու:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մերժեց Սևրի խաղաղությունը և Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը ձեռք բերեց՝ որպես դաշնակից «հակաիմպերիալիստական պայքարում»: Լենինից Մուստաֆա Քեմալը ստացավ ոչ միայն քաղաքական աջակցություն, այլև՝ նյութական. 1920-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիային նվիրեց 6 հազար հրացան, ավելի քան 5 մլն փամփուշտ, 17600 արկ և ոսկու ձուլակտորներ՝ 200,6 կգ: Մոսկվայում 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ՝ բարեկամության և եղբայրության մասին պայմանագրով բոլշևիկները քեմալականներին նվիրաբերեցին ևս 10 մլն ռուբլի՝ ոսկով, ավելի քան 33 հազար հրացան, 129 հազար արկ, 1500 սուր, 20 հազար հակագազ, 2 ականակիր և մեծ քանակությամբ այլ ռազմական հանդերձանք: Անկասկած, հենց այդ օգնությունը որոշիչ եղավ հայերի ու հույների հանդեպ թուրքերի ռազմական հաղթանակներում, որոնցից հետո՝ 1923-ին, հնարավոր եղավ Թուրքիայի  Հանրապետության ի հայտ գալը:

Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ՝ թուրքական զորքերի հարձակման արդյունքում 1920-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թուրքերը գրավեցին Սարիղամիշը, Արդահանը, Կարսը: Ալեքսանդրապոլը (ներկայիս Գյումրին) հանձնեցին առանց մարտի՝ որպես հրադադարի պայման:

Ջախջախված Հայաստանը ստիպված էր ընդունել Թուրքիայի բոլոր պայմանները և ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Կարսը  մնում էր Թուրքիային: Հայաստանը 1500-ից ավելի մարդ թվաքանակով բանակ ունենալու իրավունք չուներ, Ղարաբաղն ու Նախիջևանն անցնում էին թուրքական մանդատի տակ՝ մինչև դրանց պատկանելության մասին վերջնական որոշումը:

Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան մտավ Կարմիր բանակը և հռչակվեց Հայաստանի խորհրդային հանրապետությունը: Բոլշևիկները չճանաչեցին Ալեքսանդրապոլի խաղաղությունը, և արդյունքում՝ 1921-ին ստորագրվեցին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որոնցով էլ որոշվեց ԽՍՀՄ –ի ու Թուրքիայի միջև սահմանը: 1925-ին Մոսկվան  և Անկարան ստորագրեցին պայմանագիր բարեկամության և չեզոքության մասին:

Իոսիֆ Ստալինի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ  արտացոլում են նրա խոսքերը՝ ասված 1940-ին Կոմինտերնի ղեկավար Գեորգի Դիմիտրովին. «Ո՞ր Թուրքիան: Այնտեղ 2 մլն վրացի, 1,5 մլն հայ, 1 մլն քուրդ և այլ ժողովուրդներ կան: Թուրքերն ընդամենը 6-7 միլիոն են» (այդ մասին իր օրագրում գրել է Դիմիտրովը):

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան չեզոքություն էր ցուցաբերում՝ զարգացնելով տնտեսական համագործակցությունն ինչպես Գերմանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ, վարկեր ու սպառազինություն էր ստանում երկու կողմից էլ: 1942-ին՝ Կովկասում, Ղրիմում և Ստալինգրադում  ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ, Թուրքիան զգալի ուժեր կենտրոնացրեց իր արևելյան սահմաններին և մերձսևծովյան շրջանում: Խորհրդային հրամանատարությունը տպավորություն ուներ այդ ամենից, որ Ստալինգրադում Կարմիր բանակի պարտության դեպքում թուրքերը կարող են համարել, որ ԽՍՀՄ-ը լիակատար պարտության շեմին է, և կփորձեն հաղթողների թվում հայտնվել: Սակայն դա տեղի չունեցավ. Թուրքիան գործնականում չեզոք մնաց մինչև պատերազմի ավարտը՝ հակաֆաշիստական կոալիցիային հարելով միայն 1945-ի փետրվարին:

Բանակցող Մոլոտովն էր

1945-ին Յալթայի կոնֆերանսում Ստալինը դժգոհում է պատերազմի ընթացքում Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ պնդելով, որ երկիրը խուսանավում էր պատերազմող կողմերի միջև և հաղթողների շահերի սակարկությամբ զբաղվում: Այդ դիրքորոշմանը համաձայն չէին դաշնակիցները, հատկապես՝ Չերչիլը: 1945-ին լրանում էր թուրք-խորհրդային պայմանագրի ժամկետը, և ԽՍՀՄ-ն այն միակողմանիորեն չեղարկում է 1945-ի մարտի 19-ից՝ չսպասելով պայմանագրի ժամկետի ավարտին:

1945-ի ապրիլին Ստալինն ընդունում է Ամենյան հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին: Հայ եկեղեցին դիմել էր Ստալինին՝ Էջմիածինը վերականգնելու, հոգևոր նախկին ակադեմիայի գրադարանը վերադարձնելու, տպագրատուն բացելու, որոշ եկեղեցապատկան շենքեր վերադարձնելու, կաթողիկոսի երաշխավորությամբ հայ և օտարերկրյա հոգևոր գործիչների այցը ԽՍՀՄ թույլատրելու խնդրանքով: Դրանից անմիջապես հետո Հայկական ազգային խորհուրդը Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի ստեղծման հարցով համաժողովի մասնակիցներին բաժանում է «Հայ ժողովրդի դատը» հուշագիրը, որում նշվում էր, որ այդ հարցի արդարացի լուծումը հայկական սփյուռքին հայրենիք վերադառնալու հնարավորություն կտա:

1945-ի հունիսի 7-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը Կրեմլում ընդունում է Թուրքիայի դեսպան Սարպերին և մի շարք պահանջներ առաջադրում՝ Խորհրդային Միությանը զիջել մինչև 1914 թվականը Ռուսաստանին պատկանող տարածքները, թույլ տալ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում ռազմաբազա կառուցել և համատեղ թուրք-խորհրդային վերահսկողություն կազմակերպել նեղուցների նկատմամբ: Մոլոտովը շեշտում է, որ 1921-ին ստորագրված պայմանագիրը ստորագրվել է այլ՝ ներկայիս պայմաններից շատ տարբերվող հանգամանքներում, և դեսպանը տեղյակ է, որ այդ պայմանագրով «մենք տարածքային առումով վնաս ենք կրել»: 

Թուրք դեսպանը նշում է, որ Թուրքիայում այդ հարցը չի քննարկվում,  և որ ինքը չէր սպասում, որ Խորհրդային Միությունն այդպիսի պայմաններ կառաջադրի՝ ԽՍՀՄ-ը մի քանի հազար բնակչով տարածքների կարիքը չունի: Բացի այդ՝ 1921-ի պայմանագիրը չի պարտադրվել Խորհրդային Ռուսաստանին, և Թուրքիան այն անարդարացի չի համարում: Դեսպանը խնդրում է Մոլոտովին՝ տարածքային հարցեր չբարձրացնել. «Մենք չենք կարողանա դա բացատրել հանրությանը, և հավատը ԽՍՀՄ-ի արդարամտության նկատմամբ կխաթարվի: Այդ հարցն այնքան էլ կարևոր չէ ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի համար»:

1945-ի հունիսի 18-ին տեղի է ունենում Մոլոտովի և Սարպերի երկրորդ հանդիպումը: Դեսպանը հայտնում է, որ տարածքային նկրտումները չեն կարող քննարկման թեմա լինել, եթե ԽՍՀՄ-ը ցանկանում է պայմանագիր կնքել Թուրքիայի հետ: Սրան ի պատասխան՝ Մոլոտովը կրկնում է, որ առանց իրենց պայմանների կատարման Թուրքիայի հետ պայմանագրի կնքումն անհնար է: Արդեն օգոստոսի 18-ին դեսպանի հետ հանդիպման ժամանակ Մոլոտովն ավելի որոշակի է դարձնում պահանջվող տարածքների չափերը և պաշտոնապես հայտարարում՝ դրանք կընդգրկվեն Հայկական և Վրացական ԽՍՀ-ների կազմում:

Շարունակելի

Թարգմանությունը՝ yerkir.am-ի