կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 16:04
Հասարակություն

Թուրքիայում կրոնափոխ հայերը 1945 թվականին էլ են պետության կողմից շարունակել «վտանգավոր» համարվել

Թուրքիայում կրոնափոխ հայերը 1945 թվականին էլ են պետության կողմից շարունակել «վտանգավոր» համարվել

«Ակօս» պոլսահայկական շաբաթաթերթում հրապարակված նոր փաստաթուղթը վկայում է, որ 1945 թ Օրդուում կրոնափոխ եղած հայերը պիտակավորվել են պետության կողմից, և նրանց վերաբերյալ ասվել է «Երկրի համար նրանցից շահ ակնկալելն անիմաստ է»։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, գրում է թուրքական «Դուվար» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի վարչապետարանին կից Հանրապետական արխիվում կատարված ուսումնասիրության արդյունքում մի փաստաթուղթ է հայտնաբերվել, որում առկա են Օրդուում և շրջակա բնակավայրերում ապրող հայերի գրանցումները։ Թուրք ուսումնասիրող Մահսունի Գյուլի կողմից «Ակօս» շաբաթաթերթում հրապարակված սույն վավերագիրը պարունակում է Օրդուի հայերի 3 էջանոց և իսլամացված հայերի 2 էջանոց ցանկեր, ըստ որոնց՝ 1945 թ․ Օրդուում և մերձակայքում ընդհանուր 114 հայ է ապրել։

Փաստաթղթի երկրորդ էջի ներքևի հատվածում մասնավորապես նշված է․ «Վերոհիշյալ կրոնափոխ հայերը, լինելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղահանության ենթարկված հայերի զավակները, լքվել են կամ առավելագույնը վերցվել վրացի գաղթականների հովանու տակ և մեծացվել նրանց կողմից։ Այն փաստը, որ այս հայերի մեծ մասը անկեղծորեն չի ընդունել իսլամը, ակնհայտ է դառնում նրանց՝ հայկական համայնքի հետ շփումներից ու կապերից։ Երկրի համար նրանցից շահ ակնկալելն անիմաստ է»։

Փաստաթղթում նաև ընդգծվում է, թե այս հայերն «անվստահելի անձինք են»։ Վավերագրի 3-րդ էջում ներկայացված է այժմ Օրդուում բնակվող հայերի ցանկը։ «Ակօս» շաբաթաթերթի ապրիլի 9-ի համարում հրապարակված սույն փաստաթուղթը կրում է BCA 490-1-0–0_50-199-4 կոդը։ «Ակօս»-ը նախընտրել է ներկայում Օրդուում ապրող հայերի անունները թաքցնել և հարցի վերաբերյալ արել է հետևյալ դիտարկումը․

«Մենք գիտակցաբար ենք հայերի անունները ծածկած ներկայացնում։ Դա արել ենք այդ անհատների իրավունքների հանդեպ հարգանքից ելնելով։ Քանզի գիտակցում ենք, որ որոշակի դեպքերում որոշ ընտանիքներ, իրենց բնակության վայրից և շրջապատից ելնելով, կնախընտրեն, որ այդ տեղեկությունները գաղտնի մնան»։

https://www.gazeteduvar.com.tr/yeni-belge-din-degistiren-ermeniler-zararli-gorulmekten-kurtulamamis-haber-1519739

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net