կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 13:35
Հասարակություն

Կոստանյանը պարզաբանումներ ներկայացրեց մեծ աղմուկ բարձրացրած հայտարարության վերաբերյալ

Կոստանյանը պարզաբանումներ ներկայացրեց մեծ աղմուկ բարձրացրած հայտարարության վերաբերյալ

Ձերբակալվածի կամ կալանավորվածի մասին հայտարարելը կամ ձերբակալումն ու կալանավորումը դրանք գործընթացներ են, եւ պետք է համապատասխան հիմքերի առկայության դեպքում միայն այդ քննչական-դատավարական գործողություններն իրականացվեն: Եթե այդ գործողություններն իրականացվել են, ապա այդ մասին համապատասխան հաղորդագրություն կամ այլ կերպ հասարակությանը հասանելի դարձնելու տարբերակ լինում է, եթե դա չի ընտրվել, ապա դա այլ հարց է: Այս մասին լրագրողներին այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով դատախազության կողմից տարածված այն հաղորդագրությանը, թե նախաքննության փուլում տվյալներ հրապարակող լրագրողները պատասխանատվության կենթարկվեն:

 

Բուն հաղորդագրության մասին էլ նշեց, որ իր համար շատ տարօրինակ էր, որ նախաքննության ընթացքում տվյալներ չհրապարակելու հետ կապված հաղորդագրությունը բուռն քննարկումների շարքում հայտնվեց:

 

«Դրանով նկատի ունեինք ընդամենը հետեւյալը` որ դատախազության հաղորդագրությունները, երբ մենք տարածում ենք, ապա դա անում ենք' ապավինելով առնվազն իրավական տարրական գիտելիքների առկայությանը: Որովհետեւ նախաքննության գաղտնիքի հրապարակումը դա հանցագործություն է` քրեական օրենսգրքով նախատեսված, եւ հանցագործությունը կատարվելու դեպքում համապատասխան անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Եվ այստեղ շատ մեծ գիտելիքներ կամ ջանքեր չեն պահանջվի, եթե որեւէ մեկը հետեւություններ, մեկնաբանություն, տպավորություններ կիսելուց առաջ ընդամենը դիմեր մասնագետի խորհրդին, գոնե: Այ հիմա փորձեմ պարզաբանել' նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար քրեական պատասխանատվություն նախատեսվում է  առնվազն այն սուբյեկտի համար, ով դեպքերի, հանգամանքների բերումով տեղեկացվածություն է ձեռք բերել այդ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների մասին»,- նշեց Կոստանյանը:

 

Գլխավոր դատախազը ասաց նաեւ, որ եթե նախաքննության մասին տվյալներ հրապարակողը իր աշխատանքը կատարելուց առաջ բացի ու կարդա նախաքննությանն ու դատավարությանը վերաբերող, անգամ` քրեական դատավարության դասագիրք, ապա կարող է հասկանալ, որ նախաքննության գաղտնիության բացահայտման համար պատասխանատվություն սահմանվում է գոնե տվյալ գործով դատավարության մասնակիցների համար:

 

Կոստանյանը մանրամասնեց, որ մասնակիցը, որին հանգամանքների բերումով հասու են դարձել նախաքննության տվյալները, այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվել է եւ ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

 

«Ինչ վերաբերում է լրագրողների կողմից իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքին, դա եւս օրենքի պահանջ է' «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ, հատուկ ուզում եմ այդ կետի վրա շեշտը դնել, պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Այսինքն' դա լրագրողի իրավունքն է, ու լրագրողը կօգտվի՞ իր այդ իրավունքից եւ չի հրապարակի կամ կհրապարակի, դա եւս լրագրողի իրավունքն է: Համենայն դեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվություն, եւ ինքը փորձում է դա հրապարակել»,- ասաց գլխավոր դատախազը:

 

Նա հավելեց, որ եթե լրագրողն օգտվի իր իրավունքից եւ չհրապարակի իր տեղեկատվության աղբյուրը, այստեղ արդեն օրենքով այլ ընթացակարգ է սահմանված, որով ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված հարցերով դատական կարգով լրագրողը կարող է պարտավորեցվել տեղեկատվության աղբյուրը հրապարակել: Այդ բոլոր մտահոգությունները, գնահատականները ցանկացած անձ արտահայտելու իրավունք ունի, բայց, ըստ Կոստանյանի, նման կարծիքը գոնե մի քիչ մասնագիտական հենք ու հիմք պետք է ունենա:

 

Գլխավոր դտաախազը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե ի՞նչ ճակատագիր ունեցան այն բոլոր նյութերը, որ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուղարկել էր դատախազություն: Նա նշեց, որ բազմաթիվ քրեական գործեր ընթացքի մեջ են, բազմաթիվ հաղորդումների մասով նախապատրաստվում են նյութեր, ուստի ինքն անձամբ շուտով հրավիրելու է մամուլի ասուլիս, որտեղ բոլոր այդ հարցերի պատասխանները կտրվեն: