կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 12:14
Քաղաքական

Արտեմ Ասատրյանը բացատրեց, թե ինչու չեն գնացել միայն կամավորի ճանապարհով

Արտեմ Ասատրյանը բացատրեց, թե ինչու չեն գնացել միայն կամավորի ճանապարհով

ԱԺ նիստում շարունակվում է կուտակային կենսաթոշակային նոր օրենսդրական փաթեթի քննարկումը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ինչո՞ւ փորձ չարվեց ներդնել կամավոր համակարգ, որովհետև եթե այդ ամբողջ ջանքերը ներդնեին կամավորի համար, ապա ավելի շատ արդյունքների կհասնեին:

 

Պատգամավորը հարցրեց նաև, որ եթե կուտակային հիմնադրամները փլուզվեն կամ դրամի արժեզրկում լինի, ի՞նչ է լինելու անձի գումարների հետ այդ դեպքում:

 

Նախարարը նշեց, որ կամավոր համակարգը, ըստ էության, ներդրվում է ոչ պետական համակարգի համար` ժամանակավորապես: Ինչ վերաբերում է արժեզրկման կամ հիմնադրամների փլուզման ռիսկերին, ապա օրենսդրական փաթեթը լուծումներ ունի բոլոր դեպքերի համար:

 

«Անձի միջոցները երաշխավորված են, ոչինչ չի սպառնում այդ միջոցներին: Վստահ ենք, որ բոլոր խնդիրները հստակ լուծումներ ունեն», - ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը արձագանքեց. «Ես համոզված եմ, որ եթե ի սկզբանե գնայիք կամավոր համակարգ ներդնելու ճանապարհով, ապա ավելի շատ արդյունքի կհասնեինք: Բայց մենք սխալ ճանապարհով ենք փորձում գնալ, խնդիր ենք դրել ու գնում ենք այդ խնդրի ճանապարհով»:

 

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե ուզում ենք ունենալ արդյունավետ գործող համակարգ, պետք է լինի կրիտիկական մասնակցություն, որ համակարգն արդյունավետ աշխատի, և ելման կետը սա է եղել, որ ռիսկերը մինիմումի հասցված լինեն»: