Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրը ցերեկով մարդու ունեցվածքը գողանում են, ընդ որում` կադաստրի և դատական մարմինների ուղղակի աջակցությամբ: Այս կարծիքին է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը` բարձրաձայնելով մի քաղաքացիական գործի մասին, որի հետևում, ըստ նրա, կանգնած են իշխանության վերին օղակները:
3 տարի ձգձգվող քաղաքացիական գործն առաջին հայացքից շատ պարզ է, և դրա ճիշտն ու սխալը տարբերակելու համար մի քանի ժամը բավական է: Փաստաբանի ներկայացրած գործի նախապատվությունը հետևյալն է. Արզական գյուղի բնակիչ Անայիկ Մովսիսյանը, մոտ երեք տասնամյակ առաջ ամուսնանալով Մանվել Ասլանյանի հետ, բնակվել է նրա ծնողների և եղբոր հետ համատեղ: 1980-ին Մանվելի և նրա հոր` Ռաֆիկ Ասլանյանի ծխերն առանձնացվել են` առանց Մ. Ասլանյանի ծխին տնամերձ հողամաս հատկացնելու: Մանվել Ասլանյանի մահից հետո` 1981-ին, նրա ծխի գլխավոր է ճանաչվում կինը` Անայիկ Մովսիսյանը, ով, սակայն, 1985-ին հեռացել է Ասլանյանների ընտանիքից, ինչպես նաեւ Արզական գյուղից եւ ավելի քան 27 տարի է` դադարեցրել է առնչությունները թե՛ այդ ընտանիքի, թե՛ Արզական համայնքի հետ:
Անայիկ Մովսիսյանն ու Ռենա Ասլանյանը (Անայիկի դուստրը) 1991-ից՝ հողի սեփականաշնորհումից հետո, ավելի քան 21 տարի հողամասի հետ առնչություն չեն ունեցել: Այն գտնվել է Հ. եւ Ս. Ասլանյանների բացահայտ ու բարեխիղճ տիրապետման ու օգտագործման ներքո, իսկ նշված հողամասի առումով անհրաժեշտ բոլոր գործառույթները (ոռոգում, ծառապատում, պարսպապատում, բարելավում եւ այլն) մշտապես կատարվել են վերջիններիս կողմից: Այսինքն` նրանք այդ ընթացքում եւ հիմա էլ վիճարկվող հողամասին վերաբերվել են` որպես սեփական գույքի:
ՀՀ Կառավարության 06.04.2006թ. որոշման ուժով վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Արզական համայնքին: Փաստաբանը ուշադրության է հրավիրում այն հանգամանքը, որ, եթե անգամ ընդունենք, որ Արզական համայնքում ինչ-որ հողամասի հավակնող հայցվորները այդ հողամասի նկատմամբ 1990-ական թթ-երին ինչ-որ իրավունքներ են ունեցել , ապա այդ իրավունքների ծագման պահից հայցային վաղեմության ժամկետներն անցել են ավելի քան 6 անգամ, ուստի` նման իրավունքների հայտնաբերման դեպքում դրանք չեզոքացվում են հայցային վաղեմության կիրառմամբ:
Համայնքից հեռանալուց 25 տարի անց Ա. Մովսիսյանն ու Ռ. Ասլանյանը հանկարծ հիշել են (կամ նրանց գլխի են գցել) վիճարկվող հողամասի նկատմամբ իրենց ինչ-որ «իրավունքների» մասին և հայց ներկայացրել դատարան` «Խախտված իրավունքները վերականգնելու պահանջի և հողամասից վտարելու պահանջի մասին»:
Պատասխանող կողմն էլ, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել, այն է `«Սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու եւ վնասներն հատուցելու պահանջների մասին»:
Հրազդանի առաջին ատյանի դատարանը Անայիկ Մովսիսյանի հայցը մերժել է, սակայն վերաքննիչ դատարանն այն բեկանել է: Հետո գործը տեղափոխվել է Աբովյանի դատարան, որտեղ թե’ հայցը և թե’ հակընդդեմ հայցը մերժվել է: Այնուհետև պատասխանող կողմը` Ասլանյանների ընտանիքը, հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան գյուղապետարանի անունից, որը, սակայն, կրկին մերժվել է` պատճառաբանությամբ, թե գործում 3-րդ անձ է ներգրավված:
Հետաքրքրական է, որ Արզականի գյուղապետը Անայիկի հորեղբոր տղան է և հորդորել է նրան հետ վերցնել հայցը, քանի որ անհարմար է: Փոխարենը առաջարկել է այլ հողակտոր հատկացնել, սակայն Անայիկը կտրականապես հրաժարվում է և պահանջում վեճի առարկա հանդիսացող` արդեն պարսպապատված և մշակված հողակտորը:
Մ. Կոստանյանի բնորոշմամբ` աբսուրդի թատրոնի վերածված դատական գործի քննության սկզբում բացահայտ, իսկ հետո` քողարկված` Ա. Մովսիսյանի եւ Ռ. Ասլանյանի ներկայացուցիչ է հանդես եկել ոմն Է. Մակարյան: Վերջինս, ըստ փաստաբանի, հովանավորում է հայցվոր Անայիկ Մովսիսյանին, իսկ գործի հենց սկզբից ասել է, որ հողամասն «անպայման իրենցն է լինելու», քանի որ ինքը «Սերժ Ազատիչի խնամին» է (ի նկատի ունենալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին):
Մայիսի 4-ին փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան և այժմ սպասում է պատասխանին: Ըստ Կոստանյանի` գործի քննության 3 տարիների ընթացքում գործին մասնակից դատավորներից առնվազն 3-ը հասկացրել են իրեն, որ վերևներից հրահանգված է հարցը լուծել հօգուտ Անայիկի, սակայն փաստաբանը և Ասլանյանների ընտանիքի դեռևս հավատում են արդարադատությանը:
«Իհարկե, ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավասու է վարույթ չընդունել ու վերադարձնել սույն բողոքը նույնպես, սակայն դրանով կստացվի, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը «կանաչ լույս է վառում» այդ նույն Հայաստանի Հանրապետության անվամբ կայացված անարդար, ապօրինի դատական ակտերի համար, դրանով իսկ հանուն Հայաստանի Հանրապետության նպաստում է երկիրը խարխլող ու կործանման տանող կոռուպցիայի հետագա ծաղկմանն ու բարգավաճմանը, ինչի իրավունքը, սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանը, չունի»,- ասում է փաստաբանը և իրեն իրավունք վերապահում նկարագրված հանգամանքների մասին տեղյակ պահել հանրությանը, քանի որ լռելն այլևս անհնար է:
Իսկ Վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու կամ այն մերժելու դեպքում ՌԴ-ում գտնվող Սամվել Ասլանյանը խոստացել է ընտանիքի հետ վերջնականապես լքել երկիրը: «Այսպես են անում, որ մարդիկ արտագաղթում են: Մեր երկրի հիմնական չարիքը ոչ թե տնտեսական խնդիրներն են, ասենք` գազի թանկացումը, այլ արդարադատության բացակայությունը»,- մտահոգված հայտարարում է փաստաբանը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում փաստաբան Մարատ Կոստանյանը պատմում է, թե ինչ հիմքեր ունի ենթադրելու, որ հայցվորին հովանավորում է հենց Սերժ Սարգսյանի խնամին: