Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո երևան եկան շատ փաստեր, որոնք նրա պաշտոնավարման տարիներին դժվար թե որևէ մեկը հանդգներ հրապարակել: Դրանց մասին խոսակցություններն այն ժամանակ լավագույն դեպքում կարող էին տարածվել ասեկոսեների մակարդակով:
Սառույցը կոտրվեց, երբ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մամուլում հրապարակեց նախկին մարզպետի` սիրուհու վրա կրակելու և դեռ չծնված երեխային սպանելու մասին տեղեկությունները: Սակայն Խաչատրյանը հերքեց դա և իրեն զրպարտելու, պատիվն ու արժանապատվությունն արատավորելու մեղադրանքով հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Հարությունյանի:
Սակայն Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ հյուսված պատմությունները միայն նրա անձով չեն սահմանափակվում, վերաբերում են նաեւ նրա մերձավոր շրջապատին: Սյունիքում շատերն են ծանոթ նրա հավատարիմ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի արկածներին: Նրա անունը հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի` հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո: Զարզանդը Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրանի հետ մեղադրվում էր փոխհրաձգության ժամանակ Ավետիք Բուդաղյանին սպանելու մեջ, սակայն նախաքննական մարմինը երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցրել էր` պատճառաբանելով, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Ինչևէ, yerkir.am-ին հայտնի են դարձել որոշ ուշագրավ հանգամանքներ, որոնք վերաբերում են մեկ այլ` ոչ պակաս հայտնի գործում Զարզանդի մասնակցությանը: Պարզվում է` Զարզանդ Նիկողոսյանը, որպես վկա, ներգրավված է Սյունիքի մարզի պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով: Այս գործով մեղադրվում են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը: Մեղադրանք է առաջադրված նաև Պապյանի սպանության գործով անցնող մեղադրյալների հոր՝ Հակոբ Թոսունյանի նկատմամբ, ով, ըստ նախաքննության, ապացույց կեղծելու հարցում օժանդակել է նախաքննության մարմնին, այն է՝ սպառնալիքով պարտադրել է վկա Նոնա Հարությունանին` տալ կեղծ ցուցմունք, որ իբր եղել է դեպքի վայրում և տեսել, թե ինչպես է Սահակ Սահակյանը դանակի բռնակով հարվածել Գրիգոր Պապյանի գլխին:
Հիշեցնենք, որ Պապյանը սպանվել է 2010 թվականի օգոստոսին Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում տեղակայված սրճարանի բացօթյա տարածքում Սահակ Սահակյանի, Գևորգ Թոսունյանի ու Գրիգոր Պապյանի հետ վիճաբանության ժամանակ: Սահակ Սահակյանը ներկայումս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր) քննվող գործով անցնող գլխավոր մեղադրյալն է:
Yerkir.am-ի տեղեկություններով` Սահակը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդի մտերիմ ընկերն է, և նրան լավ է ճանաչում նաև նախկին մարզպետը: Ըստ մեր աղբյուրների` Սուրիկ Խաչատրյանը միջնորդել է այն ժամանակվա Սյունիքի դատախազ Արայիկ Թահվերդյանին` ջրից չոր դուրս բերել Սահակին, սակայն ինչ-ինչ հարցերով կողմերը համաձայնության չեն եկել, և Սահակին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո սրվել են նախկին մարզպետի և նախկին դատախազի հարաբերությունները: Շատերը հենց այս պատմության հետևանքն են համարում Թահվերդյանի պաշտոնանկությունն ու նրա տեղակալի` Պապյանի սպանության գործով վերահսկող դատախազ Էդիկ Հովսեփյանի, Կապանի միլպետի տեղակալ Գագիկ Դանիելյանի և քննիչ Ենգոյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Զարզանդին է վերագրվում նաև այս գործով որպես տուժող ներգրավված Ալվինա Տատինյանի միջոցով վկա Նոնա Հարությունյանին պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաջարանցի բիզնեսմեն Հակոբ Թոսունյանի դեմ ցուցմունք տալու հարցում ուղղորդելը:
Այս գործում, ըստ էության, այնքան նրբություններ կան, որոնք եթե մանրամասնենք, ընթերցողն ավելի կխճճվի, ուստի ներկայացնենք միայն մի քանի հանգամանքներ, որոնք, ըստ էության, հնարավոր է լույս սփռեն այս գործի վրա: Նոնա Հարությունյանը, ով Պապյանի սպանության վայրում` Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանում աշխատելիս է եղել` որպես մատուցող, նախաքննության ընթացքում շուրջ 40 ցուցմունք է տվել և առերեսումների մասնակցել, սակայն, ըստ ամբաստանյալների պաշտպանների, նրա տված ցուցմունքներից ոչ մեկը մյուսին չի համապատասխանում: Այս հանգամանքն արժանացել է նաև նախաքննության մարմնի ուշադրությանը, և վկայի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Նոնա Հարությունյանը նախ հայտնել է, որ իրեն սկզբում կանչել է ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը և սպառնացել, որ եթե իրեն հրավիրեն ոստիկանություն` հայտնի, որ Սահակն է դանակի կոթով հարվածել Պապյանի գլխին, հետո իբր իրեն կանչել է միլպետի տեղակալ, ամբաստանյալ Գագիկ Դանիելյանը և նույն բանն ասել` խոստանալով դրա դիմաց պարտքերը փակել, ինչից հետո էլ գնացել է քննիչ Ենգոյանի մոտ և նման ցուցմունք գրել: Նոնայի այս ցուցմունքը հաստատել է նաև այն ժամանակ գործով դեռևս որպես վկա ներգրավված Անժելա Հայիրյանը:
Սակայն հետո Նոնան ցուցմունք է տվել այն մասին, որ 2012-ի ամռանը Ալվինա Տատինյանն իրեն համոզել է, որ Սահակի դեմ տված ցուցմունքներից հրաժարվի: Տատինյանը խոստովանել է, որ Սահակն է իրեն զանգել և այդ մասին խնդրել` նշելով, որ եթե դա անի, ապա պարտքերը կփակի: Ինչից հետո Նոնան դիմել է դատարանին` հայտնելով, որ Սահակի դեմ նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքները կեղծ են: Սակայն հետո Նոնան գնում է ոստիկանություն և հաղորդում տալիս այն մասին, որ Ալվինան իրեն հարկադրել է ցուցմունքը փոխել, ապա քննչականում բացատրություն տալիս, որ այդ քայլին է գնացել, քանի որ Ալվինան ասել է, որ եթե ցուցմունքը չփոխի` Սահակը բերդից դուրս կգա ու իր համար վատ կլինի: Նույնը Նոնան պնդել է Ալվինայի հետ առերեսման ժամանակ:
Այսպիսով` Նոնայի հաղորդման հիման վրա Ալվինա Տատինյանի դեմ հարուցվում է քրեական գործ և նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ ՔՕ 340-րդ հոդվածի հատկանիշներով` ցուցմունք տալու համար կաշառելը կամ հարկադրելը: Գործը մտնում է դատարան, որտեղ մեկ տարի ձգձգելուց հետո անհասկանալի և կասկածելի պատճառներով մեղադրող դատախազը հրաժարվում է Ալվինայի նկատմամբ առաջադրված մեղադրանքից: Ալվինայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, նա արդարացվում է:
Պարզվում է` քննչական գլխավոր վարչությունում պաշտոնատար անձանց գործի նախաքննության ընթացքում Նոնան խոստովանել է, որ Ալվինայի դեմ էլ է կեղծ ցուցմունք տվել, և որ այդ քայլին գնացել է Հակոբ Թոսունյանի տված սպառնալիքների արդյունքում: Ըստ Նոնայի ցուցմունքի` Հոկոբը սպառնացել է վնասել իր` բանակում գտնվող որդուն, ինչի մասին տեղյակ է եղել նաև իր ամուսինը: Հետաքրքրական է, որ նրա ամուսինը` Անդրանիկ Սաֆարյանը, պաշտոնատար անձանց գործով դատաքննության ընթացքում կծկտուր ցուցմունք տվեց և այդ փաստը հաստատող, կարելի է ասել, որևէ նշանակալի բան չասաց: Նրա ցուցմունքին yerkir.am-ն անդրադարձել է, նշել էինք նաև, որ հաջորդը դատական նիստում պետք է լսեն նրա կնոջը` Նոնային: Սակայն մինչ այժմ տարբեր պատճառներով Նոնան դատարանում ցուցմունք չի տվել: Այս գործով հերթական դատական նիստը, որը պետք է կայանար մայիսի 7-ին, հետաձգվել է և նշանակվել մայիսի 21-ին: Այդ օրը նախատեսված է, որ Նոնան, ի վերջո, ցուցմունք կտա:
Նոնայի ցուցմունքին սպասում են շատերը` շուրջ 20 ամիս կալանքի տակ գտնվող քաջարանցի բիզնեսմենից մինչև գավառցի երիտասարդ քննիչ Ենգոյանը: Վերջինս երեք տարի առաջ, որպես քննիչ, ոստիկանության Կապանի բաժին գործուղվելիս դժվար թե պատկերացներ, որ նման բախտի կարժանանա: Բաժնի մյուս փորձառու քննիչներին թողած` չգիտես` ինչու մանր-մունր` խուլիգանական բնույթի գործեր քննող Արմանին հանձնարարվեց Պապյանի սպանության ծանր գործի քննությունը: Այս հարցի պատասխանը, թերևս կարող է տալ միայն Կապանի բաժնի պետը, սակայն նա, կարծես, չոր է դուրս եկել այս պատմությունից, փոխարենը նրա տեղակալ Դանիելյանն ու դատախազ Հովսեփյանն են Արմանի և Հակոբի հետ հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Սյունիքի դատարանում մեկուկես տարի է, ինչ շարունակվում է այս գործը: Այս ընթացքում, գտնվելով անազատության մեջ, գործով մեղադրյալները ոչ միայն իրենց ընտանիքներից են կտրվել, այլև ոմանք կալանավայրում հիվանդություններ են ձեռք բերել: Օրինակ` yerkir.am-ին ահազանգած Հակոբ Թոսունյանի կինը` տիկին Մելանյան, պատմում է, որ «Գորիս» ՔԿՀ-ում գտնվող իր ամուսնու մոտ ի հայտ են եկել ճնշման հետ կապված խնդիրներ և սիրտ-անոթային հիվանդություններ: Սակայն դա նրա միակ մտահոգությունը չէ: Մայր գործով, այսինքն` Պապյանի սպանության գործով անցնող մեղադրյալներից երեքը` Կարապետ, Գևորգ և Ջորջ Թոսունյանները, նրա որդիներն են: «Մի տանից 4 տղամարդու միանգամից ձերբակալեցին առանց որևէ ապացույցի, էդ կռվի մասնակիցները հիմա դրսերում իրանց համար ֆռֆռում են, իսկ իմ ամուսինը, ով դեպքի ժամանակ Հայաստանում չի եղել, և տղաս` Գևորգը, ով թեթև վիճաբանության է ընդամենը մասնակցել, նստած են»,- ասաց նա:
Ի դեպ, այս խճճված պատմության կծիկն իր ձեռքում պահող վկա Նոնա Հարությունյանին Կապանում ու Քաջարանում շատերը գիտեն: «Սաղ քաղաքին պարտք է»,- ասում էին մեր զրուցակիցները: Երևի սա է այդ «առեղծվածային կնոջ» իրարամերժ ցուցմունքների և խոսքերի հիմնական պատճառը: Փաստորեն, պարտքերը փակելու մոլուցքով տարված այս կինն այսօր իր ձեռքն է վերցրել մի քրեական գործի կծիկն ու այն խճճում է իրեն այդ պահին հարմար ձևով:
Մեզ մնում է միայն անգիր անել նրա 40 ցուցմունքներն ու սպասել վերջինին, հուսանք` վերջինին, չէ՞ որ նրա նոր ցուցմունքը կարող է հերթական քրեական գործի սկիզբը դառնալ, հերթական ճակատագրերը խեղել և մարդկանց նյարդերը «ճզմել»: Մի բայց էլ կա` ասում են ստի ու բ....ի կյանքը 40 օր է, այս դեպքը, կարծես, բացառություն լինի:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ