կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-07 11:08
Իրավական

Արզականցի ընտանիքն արտագաղթեց. պատճառը նախագահի ''խնամին'' է

Արզականցի ընտանիքն արտագաղթեց.  պատճառը նախագահի ''խնամին'' է

Yerkir.am-ն ամիսներ առաջ անդրադարձել էր հողային վեճի շուրջ առաջացած և 3 տարի տևած քաղաքացիական գործի պատմությանը: Հողային վեճը ծավալվել էր Արզական գյուղի բնակիչ Անայիկ Մովսիսյանի և նրա մահացած ամուսնու` Սամվել Ասլանյանի ընտանիքի միջև, որն, ի վերջ, վերածվել էր երեք տարվա դատական քաշքշուկի: Գործը հետաքրքրական էր այն առումով, որ այստեղ անուղղակիորեն շոշափվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ազգականի անունը:

 

Ասլանյանների փաստաբան Մարատ Կոստանյանի խոսքով` Անայիկի փաստաբանն իրեն հավաստիացրել է, որ իր պաշտպանյալի հետևում կանգնած է Սերժ Ազատիչի «խնամին»`  ոմն Է. Մակարյան, ով, բնականաբար, այնպես է անելու, որ գործը շահեն:

 

Անայիկ Մովսիսյանը «Խախտված իրավունքները վերականգնելու պահանջի և հողամասից վտարելու պահանջի մասին» հայց էր ներկայացրել, որը, սակայն,  Հրազդանի առաջին ատյանի դատարանը մերժել էր, իսկ վերաքննիչ դատարանն` այն բեկանել: Հետո գործը տեղափոխվել էր Աբովյանի դատարան, որտեղ թե’ հայցը և թե’ հակընդդեմ հայցը մերժվել էին: Այնուհետև պատասխանող կողմը` Ասլանյանների ընտանիքը, հակընդդեմ հայց էր ներկայացրել դատարան` գյուղապետարանի անունից, որը, սակայն, կրկին մերժվել էր:

 

Ասլանյանների վերջին հույսը` ՀՀ վճռաբեկ դատարանը, վերադարձրել էր ընտանիքի փաստաբանի հայցը: Այսպիսով` վիճելի հողատարածքն, ի վերջո, բաժին է հասել Անայիկ Մովսիսյանին:

 

Հիշեցնենք, որ Ասլանյանները խոստացել էին, որ Վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու կամ այն մերժելու դեպքում վերջնականապես լքելու են երկիրը: Մեզ հետ զրույցում Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը, ով Անայիկի ազգականն է,  Ասլանյանների ընտանիքի հնարավոր արտագաղթի վերաբերյալ հայտնել էր, որ ինքը ծայրահեղություններ չի ընդունում, և որ ամեն բան պետք է սառը բանականության շրջանակներում չափվի:

 

Սակայն այսօր yerkir.am-ին  Մարատ Կոստանյանը հայտնեց, որ, մեր երկրի արդարադատությունից հիասթափված, Սամվել Ասլանյանը (Անայիկի տագրը), մոր, կնոջ և 4 երեխաների հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` խոստանալով այլևս չվերադառնալ Հայաստան: «Սարսափելին այն է, որ արդեն չենք էլ զարմանում, քանի որ ապօրինությունը դարձել է սովորական առօրյա»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

 

Գործի նախապատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ: