կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 18:55
Իրավական

Դատախազության պաշտոնյան` ամբաստանյալի ինքնավնասման պատճա՞ռ

Դատախազության պաշտոնյան` ամբաստանյալի ինքնավնասման պատճա՞ռ

Այսօր yerkir.am-ը տեսանյութ էր ներկայացրել Կենտրոնի դատարանում ինքնավնասման փորձ կատարելու վերաբերյալ: Տեսանյութի վերջնամասում լսվում է, թե ինչպես է ինքնավնասման փորձ կատարող ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը հնչեցնում  Մուրադյան Վարդան անուն-ազգանունը:

 

Մեզ հետ զրույցում ամբաստանյալի մայրը` տիկին Լալան, հայտնեց, որ Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետն է, ով, այսպես ասած, ընկած է իր որդու հետևից:

 

Ամբաստանյալի մայրը պատմեց, որ իր տղան առաջին անգամ դատապարտվելուց առաջ ` 2005-ին, Վարդան Մուրադյանի քննության տակ գտնվող սպանության գործով վկա էր անցնում: «Մի տղա էին գտել` ուզում էին մեղքը վրան բարդել: Մուրադյանը մեռավ` իմ տղային կանչելով իր մոտ. ստիպում էր, ասում էր` վկայություն տուր, որ դու տեսել ես սպանողին, բայց տղաս հրաժարվում էր: Մուրադյանը որդուս ասել է, որ էսքան ժամանակ չի եղել մարդ, որ իր ասածը չկատարի, և որ որդիս կտեսնի դեռ…»,- պատմեց մայրը և ասաց, որ այդ դեպքից հետո իր որդուն թմրանյութեր պահելու համար մի քանի անգամ ձերբակալել և դատապարտել են:

 

Տիկին Լալայի խոսքով` անցյալ տարի, երբ իր որդու պատժի կրմանը քիչ ժամանակ էր մնացել, նրան մեղադրանք են առաջադրել թմրանյութերի խմբակային շրջանառության համար: Մոր խոսքով` 6-րդ վարչության աշխատակիցներն ապօրինի կերպով խուզարկել են իր բնակարանը` ուշ երեկոյան պատուհանից ներս մտնելով, իր և հարսի նկատմամբ բռնություն կիրառելով: Նա պատմեց նաև, որ այդ առնչությամբ բազմաթիվ նամակներ է գրել ոստիկանապետին, դատախազին, անգամ` երկրի նախագահին, սակայն գործին ընթացք չի տրվել:

 

«Բերդում նարկոտիկը վխտում ա, մարդկանց բերդեր են նստացնում, որ դզվեն, բայց ոչ` այնտեղ մաֆիա ա աշխատում, լավ էլ մատակարարում են, լավ էլ կարողանում են ուղարկել»,- հայտարարեց նա և հավելեց, որ որդին` չդիմանալով իր հանդեպ կատարվող ապօրինություններին կալանավայրում մի քանի անգամ կտրել է երակները: