Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզ և օբյեկտիվ են այն պնդումները, որ մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են գործազրկության` քրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների` պահպանվող բարձր ցուցանիշը: Ակնհայտ է նաև, որ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ պետական աջակցության անհնար է լիարժեք գործադրել առկա այն ներուժը, որը կայուն զբաղվածության միջոցով ի զորու է կրճատել աղքատ ընտանիքների թիվը, նաև հետևողականորեն բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:
Սոցիալական ներառական զարգացման համար առարկայական այս մարտահրավերների պարագայում նախ՝ անհրաժեշտ է օր առաջ արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման ամբողջ համակարգը, որը հիմնված է անուղղակի մեթոդի վրա: Այս համակարգը սոցիալական աջակցության քաղաքականության հասցեականության ապահովման որոշիչ գործիքն է: Տարիներ շարունակ կիրառվող գնահատման անուղղակի մեթոդն ունի սուբյեկտիվության անթույլատրելի բարձր աստիճան: Այս մեթոդով ընտանիքի անապահովության գնահատման համար կիրառվում են անուղղակի մի շարք ցուցանիշներ, որոնք օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց են դարձնում գնահատման արդյունքները: Օրինակ՝ նախորդ որոշակի ժամանակահատվածում ընտանիքի սպառած էլեկրաէներգիայի չափը, սպառած գազի ծավալը, բնակարանի կենցաղային պայմանները, ավտոմեքենա ձեռք բերելու կամ վաճառելու հանգամանքը և այլն:
Անուղղակի մեթոդի գործադրման դեպքում անխուսափելի են կոռուպցիոն բարձր ռիսկերը, քանի որ այն հիմնականում պայմանավորված է նաև սոցիալական աշխատողի սուբյեկտիվ եզրակացություններով: Այս մեթոդի կիրառման արդյունքում շարունակաբար առկա է սոցիալական նպաստների լիարժեք հասցեականության ապահովման խնդիրը:
Անապահովության գնահատման համակարգում պարբերաբար եղել են վերանայումներ՝ ավելացել են անուղղակի գնահատման ցուցանիշները: Ներկայումս էլ այս ցուցանիշների ցանկում նախատեսվում է ավելացնել ընտանիքի` վարկ ունենալու հանգամանքը և այն մարելու հնարավորությունը: Մասնավորապես` նախատեսվում է նպաստից զրկել այն ընտանիքներին, որոնք ունեն որոշակի գումարից ավելի վարկ և կարողանում են կատարել իրենց վարկային պարտավորությունները: Այս մոտեցմամբ` եթե ընտանիքը կարողանում է վարկը մարել, ապա ենթադրվում է, որ ունի բավականաչափ եկամուտներ նաև իր նվազագույն սոցիալական պահանջմունքները բավարարելու համար: Իհարկե, այս մոտեցմամբ, առանձին դեպքերում, հնարավոր կլինի նպաստառու որոշ ընտանիքների զրկել նպաստից օբյեկտիվորեն: Միևնույն ժամանակ, այս չափանիշով նպաստից կզրկվեն նաև իրականում սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ:
Նախատեսվող այս փոփոխությունը ևս անուղղակի գնահատման գործող մեթոդի շրջանակներում է և ունի անորոշության բավականին մեծ աստիճան: Հաշվի չեն առնվում օբյեկտիվ մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ շատ դեպքերում նպաստ ստացող վարկառու ընտանիքները, այլ ելք չունենալով, ստիպված բարձր ռիսկի պարագայում են մտնում վարկային բեռի տակ, այլ նպատակներով բարձր տոկոսներով վերցնում են փոխառություն և մարում իրենց նախորդ վարկը, իրենց շրջապատից վերցնում և կուտակում են պարտքեր ու այդ ձևով հնարավորինս կատարում վարկային ընթացիկ պարտավորությունները, իրենց անունով վարկ են վերցնում իրենց շրջապատի այլ անձանց համար կամ դառնում են երաշխավոր, ու հետագայում այդ վարկը մարում են այդ անձինք և այլն:
Փաստորեն, այս փոփոխության համատարած կիրառումը նպաստառու բոլոր ընտանիքների վրա, հասցեականության տեսանկյունից, կարող է առաջացնել ավելի շատ խնդիրներ, քան ենթադրյալ լուծվող խնդիրներն են: Այլ կերպ ասած՝ իրականում աղքատ ավելի շատ ընտանիքներ կարող են զրկվել նպաստից, քան այն ընտանիքների թիվն է, որոնք կիրառվող այս չափանիշի արդյունքում օբյեկտիվորեն դուրս կմնան սոցիալական նպաստի համակարգից:
Կարծում ենք՝ անապահովության գնահատման համակարգում կոսմետիկ փոփոխությունները չեն կարող իրական և սպասված արդյունքը տալ: Եվ չստացվի այնպես, որ «կարկուտը ծեծած տեղը ծեծի»: Հետևաբար` լուծումը պետք է լինի անուղղակի գնահատման գործող մեթոդի լիարժեք փոխարինումը ուղղակի մեթոդով, որի հիմքում առավելապես պետք է լինեն ընտանիքի իրական եկամուտները, դրանց գնահատման համար անհրաժեշտ հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող տեղեկատվությունը: Եվ այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:
Մյուս կողմից` սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ