Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովին ներկայացնելուց հետո ներդրված մի քանի նոր ինստիտուտներ բուռն քննարկման առարկա դարձան, իսկ մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը պարզապես սվիններով ընդունվեց:
«Համեմատություն եղավ Վիշինսկու սկզբունքների հետ, սակայն շատերը չգիտեն էլ, թե ինչ գաղափարներ է դավանել նա, միայն գիտեն, որ վատ իրավաբան է եղել: Արվեցին համամետություններ և, պարզ է, տրամադրությունն արդեն պատրաստ էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ իր համար անկանխատեսելի էր, որ 1.5 էջ ծավալով այս նորմատիվային նյութը կդառնա ամենաքննարկվողը, այն դեպքում, երբ օրենսգրքում կան այլ նոր ինստիտուտներ, որոնք նույնպես անթերի չեն և խրթին կողմեր կարող են ունենալ: Եվ միայն մեկ-երկու հարցի վրա կենտրոնանալու պատճառն այն էր, որ ծանոթ չէին օրենսգրքին: «Ես չեմ մեղադրում իմ գործընկերներին, բավական բարդ համակարգ է: Մոտ 400 էջից բաղկացած օրենսգրքի վրա մենք 5 տարի աշխատանք ենք տարել»,- ասաց Մելիքյանը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հենց ինքն է դեպոնացման հարցը բարձրաձայնողներից մեկը եղել: Շեշտադրել է հատկապես դեպոնացման ինստիտուտի և անձին ազատությունից զրկելու հարցերը, քանի որ հենց դրանք, առաջին հերթին, վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը և հուզում են հասարակության լայն շերտին: «Քրեական դատավարությունը շատ նեղ մասնագիտական ոլորտ է, և ամեն հարց չէ, որ կարող է հասարակական կամ լրագրողների մակարդակով քննարկումների առարկա դարձնել»,- շեշտեց նա:
Անձի իրավունքը պաշտպանելու երաշխիք կամ «խայտառակ լուծում»
Ապացույցների դեպոնացումը ամբողջ աշխարհում գործող և ընդունելի ինստիտուտ է: Երբ անձը ինչ-ինչ պատճառներով չի կարող ներկայանալ դատարան (օրինակ` մահամերձ է), ապա նախաքննության ընթացքում տված ցուցմունքները «արխիվացվում» են` դատարանում ներկայացնելու նպատակով: Խոսքը վերաբերում է բոլոր անձանց, բացառությամբ` մեղադրյալի: Իսկ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը բոլորովին նոր ինստիտուտ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (Օրենսգիրք) 46-րդ գլուխը վերաբերում է ցուցմունքների դատական դեպոնացմանը: Իսկ 328-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է հետևյալը. «Ցուցմունքների դատական դեպոնացումը կատարվում է մեղադրյալի խոստովանական ցուցմունքի արժանահավատության ապահովման նպատակով՝ քննիչի միջնորդությամբ»: Եթե մեղադրյալի` մինչդատական վարույթում տված ցուցմունքները դեպոնացվում են, ապա, ինչպես Ռ. Մելիքյանն է նշում, դրանց վրա ավելանում է ևս մեկ երաշխիք, որը վկայում է ցուցմունքի պատշաճության, թույլատրելի լինելու մասին: Հետևաբար, արդեն դատարանում նրա կողմից տրված այլ ցուցմունքը պատշաճ չի կարող ճանաչվել, և, բնականաբար, դատարանը հիմք է ընդունում դեպոնացված ցուցմունքը:
Այս դեպքում նոր ինստիտուտին դեմ արտահայտվողները նշում են, որ այդպիսով «ապացույցների թագուհի» կարող են դառնալ ճնշումների ու բռնության միջոցով ստացվող խոստովանական ցուցմունքները: Մասնավորապես` Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը նշեց, որ «հեծանիվ հնարելու» փոխարեն պետք է քննիչներին սովորեցնել պրոֆեսիոնալ աշխատել:
«Սա խայտառակություն է` իրականում: Տեսան, որ մարդը փորձում է դատարանում պաշտպանվել, իրականությունը բացահայտել, ասել, որ խոշտանգվել է կամ այլ ճնշում է կիրառվել նրա վրա և խոստովանական ցուցմունք է տվել, և մյուս կողմից` եթե նախաքննական ցուցմունքները, որոնք փաստաբանի բացակայությամբ են տրվել, և դրանցից անձը հրաժարվում է, պետք է ճանաչվեն անթույլատրելի, գտան խայտառակ «լուծում»: Հիմա նրանք դեպոնացնում են ցուցմունքը, որի պայմաններում անձը հնարավորություն չի ունենա այդ ցուցմունքից հրաժարվելու»,- ասաց նա:
Ռ. Մելիքյանը, սակայն, նշում է, որ Օրենսգրքում կան մի քանի դրույթներ, որոնք չեզոքացնում են մտավախությունները: Նախ` մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը կատարվելու է այլընտրանքային կարգով, համատարած կիրառություն չի ունենալու: «Ցուցմունքների դեպոնացումը կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը չունի պաշտպան: Եթե կա պաշտպան, ապա նրա տված ցուցմունքը լրացուցիչ երաշխավորման կարիք չունի»,- ասաց նա:
Ըստ Մելիքյանի` ապացույցի պատշաճությունն ապահովելու համար քննիչը նպատակահարմար է գտնելու գործում պաշտպան ներգրավել, քան գնալ դեպոնացման ճանապարհով, քանի որ երկրորդը բավականին ժամանակատար գործընթաց է` միջնորդություն դատարանին, այնուհետև դատական նիստով կազմակերպված հարցաքննություն և այլն: «Եթե անձը կտրականապես հրաժարվում է համագործակցել փաստաբանի կամ հանրային պաշտպանի հետ, ապա ինչպե՞ս հավաստիանալ, որ ցուցմունքը իրականությանը համապատասխանում է: Այսպիսի բացառիկ դեպքերի համար է մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը»,- նշեց Ռ. Մելիքյանը:
Սակայն Ա. Ղամբարյանը, ով արհեստական է համարում այս նոր ինստիտուտը, հակադարձում է, որ որոշակի դեպքերում, երբ անձը խոստովանական ցուցմունքներ է տալիս, արդարադատության շահից ելնելով, պաշտպանի ներգրավումը կարող է պարտադիր լինել: Եվ եթե նույնիսկ դեպոնացումը համատարած չէ կիրառվում, ու 100-ից 2-ի դեպքում է քննիչը դիմում դրան, ապա կասկածներ կարող են առաջ գալ: «Հարց չի՞ առաջանա, թե ինչո՞ւ քննիչն այդ բարդ ճանապարհով գնաց: Ես կասեմ, որ ցանկացել է խոստովանական ցուցմունքների ամրությունն ապահովել»,- նշեց նա:
Այս դեպքում Ռ. Մելիքյանը առաջ է քաշում այն հանգամանքը, որ մեղադրականի հիմքում չի կարող դրվել միայն խոստովանական ցուցմունքը. «Ավելին` անձը չի կարող դատապարտվել բացառապես խոստովանական ցուցմունքի հիման վրա: Եվ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններին տրվել է լիազորություն` բողոքի ծավալներից դուրս գալ և բեկանել դատական ակտը, եթե հիմքում եղել են միայն խոստովանական ցուցմունքները»:
Լուսինե Սահակյանը, սակայն, պնդում է, որ վերոնշյալն իրականում խաբկանք է: Բանն այն է, որ գործում կարող են լինել բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են հանցագործության կատարման մասին, սակայն ապացույց, որ հենց տվյալ անձն է այդ հանցագործությունը կատարել, փաստում է միայն խոստովանական ցուցմունքը: «Ստացվեց, որ անձը դատապարտվեց ոչ միայն իր խոստովանական ցուցմունքի հիման վրա, իսկ իրականում դատապարտվեց միայն խոստովանական ցուցմունքի հիման վրա: Եվ ես կարող եմ ցույց տալ բազմաթիվ նման ակտեր»,- ասում է փաստաբանը:
Օրենսդիրը մշակում է երաշխիքներ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ այս դեպքում օրենսդիրը բացառելու է դա. «Եթե բազմաթիվ ապացույցներից միայն մեկն ապացուցի տվյալ հանցագործությունը տվյալ անձի կողմից կատարելու փաստը, և դա լինի միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքը, ապա մեղադրանքի հիմքում չի դրվելու»:
Պատգամավորը նշում է նաև, որ ներկայումս իրենց նպատակն այնպիսի երաշխքիներ ստեղծելն է, որ քննիչը ոչ մի դեպքում շահագրգռված չլինի մարդուն ճնշելով, բռնությամբ խոստովանական ցուցմունքներ ստանալ և դեպոնացման տանել դրանք: Օրինակ` այդպիսի երաշխիք կարող է լինել պետաիրավական հանձնաժողովի կողմից առաջարկվող այն դրութը, որով ակտիվ դեր է տրվում դատավորին: Ներկայումս Օրենսգրքի նախագծի 331-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Դատարանն, ըստ էության, հարցեր տալու իրավունք չունի»:
«Դատավորը լիազորվելու է հարցեր տալ մեղադրյալին ոչ միայն առանձին, այլև հրապարակային, օրինակ` արդյո՞ք նրա նկատմամբ ճնշումներ, խոշտանգումներ կատարվել են, արդյո՞ք հասկանում է իր խոստովանական ցուցմունքի էությունը և այլն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Սակայն կա մտահոգություն, որ մեղադրյալը նախաքննության ընթացքում ուղղակիորեն կախված է լինում քննիչից` նա է հարցաքննում է, նա է նրան ուղեկցում դատարան, այնուհետև` մեկուսարան, և շատ հավանական է, որ դատարանում վախենա խոսել ճնշումների մասին և քննիչի «հրամանով» տա խոստովանական ցուցմունքներ: Պատգամավորը հակադարձում է. «Եթե ցուցմունքը դեպոնացվում է, ապա այս դեպքում քննիչն այլևս նրա հանդեպ ոչինչ անելու շահագրգռվածություն չունի էլ, որովհետև մեղադրյալը դրանից հետո ինչ էլ ասի, որևէ դեր չի ունենալու: Դեպոնացված ցուցմունքն անձը տալու է` իր շահերից ելնելով»:
Արփինե Հովհաննիսյանը նշում է նաև, որ մեղադրյալի վրա եղած փոքր բիծն անգամ պարտավոր է նկատել դատավորն ու արձանագրել դա: Սակայն փաստաբան Լ. Սահակյանը պնդում է, որ պրակտիկան այլ բան է ցույց տալիս. «Եթե դատավորը տեսնում է, որ անձը խոշտանգվել է ու խոշտանգման պայմաններում տվել խոսոտվանական ցուցմունք, և դա դնում է դատական ակտի հիմքում, ապա այդ դատավորը ի՞նչ պրոբլեմ ունի, եթե անձին բերեն իր մոտ, և նա «չտեսնի» խոշտանգված վիճակը: Եվ բազմաթիվ են այդ դեպքերը: Ու հիմա մենք պետք է հավատա՞նք, որ ֆիքսելու է այդ խոշտանգման փաստը»:
Փաստաբանները բարձրաձայնում են, որ եթե այս տեսքով Օրենսգիրքը ուժի մեջ մտնի, ապա տուժելու են թե' քաղաքացիները, թե' պետությունը, քանի որ ՄԻ Եվրոպական դատարանը նոր որոշումներ է ընդունելու ընդդեմ ՀՀ-ի: Սակայն օրենսդիրը խոսում է, որ իրավախախտումները սահմանափակելու համար երաշխիքներ են մշակվում: Մասնավորապես` այս դեպքում հստակեցվելու է, թե ի՞նչ է նշանակում ցուցմունքի պատշաճություն, ո՞ր դեպքերում և ի՞նչ հիմքերով քննիչը կարող է դիմել` դեպոնացնելու համար և այլն:
Ա. Հովհաննիսյանը նշեց նաև, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի դեռ Օրենսգրքի վերջնական տարբերակը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին չի ներկայացվել: Իսկ թե արդյո՞ք հավանական է, որ դեպոնացման ինստիտուտը կարող է դուրս բերվել օրենսգրքից, պատգամավորը պատասխանեց. «Սա քննարկումների սկիզբն է, և ամենատարբեր առաջարկներ կարող են հնչել: Դեռևս այդպիսի առաջարկ չի եղել: Ավելի շատ քննարկվում են դրա դրական կողմն ուժեղացնելու և թույլ կողմերը վերացնելու հարցերը: Ուզում ենք ստեղծել անխոցելի համակարգ»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ