կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 15:41
Իրավական

Համադասարանցուն ստիպել է համբուրել ոտքերը. «չնչին» միջադեպը` 19-ամյա երիտասարդի մահվան պատճա՞ռ

Համադասարանցուն ստիպել է համբուրել ոտքերը. «չնչին» միջադեպը` 19-ամյա երիտասարդի մահվան պատճա՞ռ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվեց Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով առաջին դատական նիստը:

 

Նշենք, որ Հայրապետյանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 9-ին` Տերյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով: Այս գործով մեղադրյալի աթոռին են նստել Երևանի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ` 17-ամյա Հայկ Աղամալյանը և ագրարային համալսարանի ուսանող Դավիթ Մանուկյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Հայկը գտնվում է կալանքի տակ:

 

Դատարանում տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Ռուբեն Բալոյանը, ամբաստանյալներ Հայկ Աղամալյանին պաշտպանում էր փաստաբան Սերգեյ Գրիգորյանը, իսկ Դավիթ Մանուկյանին` Գայանե Գրիգորյանը: Որպես Հայկ Աղամալյանի օրինական ներկայացուցիչ էր ներկայացել նրա մայրը` Նարինե Արիստակեսյանը:

 

Նշենք, որ Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մաս 10-րդ կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այսօրվա նիստին մեղադրանքը պաշտպանող դատախազ Մելքոնյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը:

 

Ըստ մեղադրանքի` 2013 թ. ապրիլի 9-ի առավոտյան` ժամը 11-ի սահմաններում,  Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում նույն դպրոցի աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը դրել է դասասեղանին և համադասարանցի Էմանուել Թամամյանից պահանջել` համբուրել ոտքերը, վերջինս այդ արարքի համար նրան դիտողություն է արել և հետ մղել իրեն մեկնած ձեռքը, սակայն ձեռքը պատահմամբ դիպել է Մկրտչյանի դեմքին: Այնուհետև Մկրտչյանը Թամամյանին կանչել է հարևան դասասենյակ և իր ընկերների հետ ծեծի ենթարկել նրան: Հետո Թամամյանը գնացել է ճարտարագիտական համալսարան և այդ մասին պատմել իր ընկերներին ու նրանց հետ գնացել`  Հովհաննես Մկրտչյանին հանդիպելու և կատարվածի մասին պարզաբանումներ ստանալու համար: Նախաքննության համաձայն` Խորենացի փողոցում Թամամյանն ու մյուսները նկատել են շենքի բակում կանգնած Կարենին և այլ անձանց, ովքեր, նրանց տեսնելով դիմել են փախուստի, սակայն նրանց հետապնդել են ու ծեծի ենթարկել:

 

Նույն օրը` ժամը 12 :30 սահմաններում, 8 տղաներ ճարտարագիտական համալսարանի դիմաց հանդիպել են Թամամյանին և նրանից պարզաբանումներ պահանջել, սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո հեռացել են և վիճաբանությունը շարունակել Կորյունի փողոցում, սակայն անվտանգության աշխատակիցները դա էլ են նկատել և նրանց տարել անվտանգության ծառայության սենյակ, որտեղ բացատրություն տալուց հետո նրանք հեռացել են: Այնուհետև Կորյունի փողոցում Կարեն Հարությունյանը, Արտավազդ Դավթյանը, Հովհաննես Մկլրտչյանը, Դավիթ Մանուկյանը, Հայկ Աղամալյանը և ևս 10 հոգի հանդիպել են միմյանց:

 

«Հայկ Աղամալյանը, սեփական անձն ընդգծելու մոլուցքից դրդված, գրպանից հանել և հավաքվածներին ցուցադրել իր մոտ եղած դանակը, այնուհետև նրանց առաջնորդել է Տերյան փողոցի 72 շենքի մոտ, որտեղ, չնչին առիթով սկսված միջադեպը, որպես պատճառ, օգտագործելով հանդիպել է Տիգրան Հայրապետյանի, Մարտին Գևորգյանի և ևս մի քանիսի հետ և, խախտելով հասարարական կարգը, հայհոյել ու  հարվածել է Տիգրանի կրծքավանդակին, խուլգանական դրդումներով նրան զրկել կյանքից»,- ներկայացրեց դատախազը:

 

Նշենք, որ Դավիթ Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել նույն խմբի կազմում խուլիգանություն կատարելու, բացի այդ` առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակի վրա առկա հետքերը պարտակելու համար:

 

Սակայն այսօրվա նիստում գործով երկու ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին:

 

Գործում ներգրավված է ավելի քան 40 վկա: Այսօր դատարանում ցուցմունք տվեցին վկաներ Էմանուել Թամամյանը և Մարտին Գևորգյանը: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ