կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-14 13:08
Քաղաքական

Միջոցները գեներալների գրպաններն են գնում. Անահիտ Բախշյան

Միջոցները գեներալների գրպաններն են գնում. Անահիտ Բախշյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ազատամարտիկների բարձրացրած խնդրի մասին, նշեց, որ նրանց հետ զրուցելը, նրանց մարդկային որակներին ծանոթանալը, այդ արժեքները տեսնելը ավելի ցցուն է դարձնում մեր երկրում երկու բեւեռների տարբերությունը` մարդիկ, ովքեր կամավոր գնացել են մեր երկիրը պաշտպանելու, եւ մարդիկ, ովքեր իբրեւ թե կռվել են եւ այսօր երկրի «փայատերերն են»:

 

Ըստ Բաշխյանի` ազատամարտիկներն ամենացավոտ խնդիրն են բարձրացրել, եւ կառավարությունը, գործող նախագահն ամենաարագ լուծումները պետք է գտնեն: Թեեւ մեր երկրի բոլոր քաղաքացիներն են արժանապատիվ կյանք ուզում, բայց, ըստ բանախոսի, հատկապես ազատամարտիկները բոլոր բարոյական իրավունքներն ունեն այդ պահանջները ներկայացնելու:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` մենք այսօր խնդիր ունենք, որ օգնությունը հստակ հասցեական լինի, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ազատամարտիկների խնդիրը նա կարեւորում է հատկապես նրանց բողոքի ձայնը բարձրացնելուց հետո: Նա համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, որ օգնությունը չի հասնում այն մարդկանց, ում իրականոմ պետք է, ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ պահանջն ավելի շատ է:

 

Ազատամարտիկների բողոքը, ըստ Սուքիասյանի, տեղ է հասել, կառավարությունը զբաղվում է դրանով: Թեեւ նա լիահույս է, որ քայլեր կձեռնարկվեն, բայց Անահիտ Բախշյանը չի հավատում, որ լուրջ, էական քայլեր կարվեն խնդրի լուծման համար: Նա ՀՀԿ-ական պատգամավորին հիշեցրեց, որ նույն այդ կառավարությունը ազատամարտիկների շնորհիվ է պաշտոնի եկել, հիմա ինչո՞ւ անպայման պետք է բողոքեն, որ նոր մտածեն նրանց խնդիրների մասին:

 

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ լուծում տալու միջոցներ չկան: «ՀՀԿ-ն` ի դեմս Սուքիաս Ավետիսյանի, իրավունք չունի ասելու, թե միջոց չկա, նույն այդ միջոցները նույն այդ գեներալների գրպաններն են գնում: Արդարություն չկա մեր երկրում»,- հայտարարեց «Ժառանգության» անդամը:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այն, որ Ազատության հրապարակում ազատամարտիկները միայնակ են, խոսում է այն մասին, որ նրանք հիասթափված են նաեւ ընդդիմությունից, մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանից, Բախշյանը պատասխանեց, որ ամեն մարդ իրավունք ունի ոգեւորվելու մեկով, հուսահատվելու մեկից, միշտ կարելի է գտնել քավության նոխազ, բայց ինքն անձամբ կարծում է, որ պայքարելու եռանդը չի պակասել իրենց մեջ: Նա համոզված է, որ իշխանության դիրքերը սասանվել են, եւ դրա մասին է խոսում այն, որ ազատամարտիկներն այսօր Ազատության հրապարակում են:

 

ՀՀԿ-ական պատգամավորն էլ կարծում է, որ իշխանության դիրքերը չեն սասանվել, պարզապես իշխանությունները հնարավորություն են տվել, որ ամեն մեկը կարողանա իր ձայնը բարձրացնել: «Ժառանգության» անդամն ի պատասխան նշեց, որ իշխանությունները, եթե հնարավորություն ունենային, բոլորի բերանը կփակեին, իսկ խոսելու հնարավորություն ընձեռում է Սահմանադրությունը: