կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 14:09
Հասարակություն

Անբարոյականություն է աշխատող կնոջ հաշվին վճարել չաշխատող կնոջը. Անահիտ Բախշյան

Անբարոյականություն է աշխատող կնոջ հաշվին վճարել չաշխատող կնոջը. Անահիտ Բախշյան

Այս անգամ էլ թացը չորի հետ խառնվեց, որովհետև մեր իշխանությունները ունքն ուղղելու փոխարեն, աչքն էլ են հանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով մայրության նպաստի կրճատմանն ուղղված` կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Նա անդրադարձավ  նաև վերջերս աղմուկ հանած այն դեպքին, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը` ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, ստացել է մոտ 20 միլիոն դրամ մայրության նպաստ: Անահիտ Բախշյանը հայտնեց, որ այս դեպքում ամեն ինչ եղել է օրինական, պետությունը նրան նշանակել է բարձր աշխատավարձ, հետևաբար` ստացել է նաև բարձր նպաստ:

 

Նա նշեց, որ հատկապես ուշագրավ է այդ նախաձեռնության պատճառաբանությունը` կան կոռուպցիոն մեխանիզմներ, երբ հղի կինը կարճ ժամանակ աշխատում է, բարձր աշխատավարձ է ստանում, հետևաբար` ստանում է նաև բարձր նպաստ: Սակայն կառավարությունը ոչ թե պետք է հետևանքները գտնի և ինչ-որ մեխանիզմներ ստեղծի, որոնք կտարածվեն բոլորի վրա, այլ պետք է վերահսկի, որպեսզի կոռուպցիոն մեխանիզմները չգործեն:

 

Իսկ այն, որ օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են կրճատել աշխատող կնոջ նպաստը, որպեսզի վճարեն չաշխատող կնոջը, տիկին Բախշյանը համարում է անբարոյականություն:

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ նպաստի կրճատման խնդիրը բարձրացվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ նախորդ տարի նպաստների համար նախատեսված գումարն ավելացել է 1.3 միլիարդ դրամով, իսկ դրան զուգահեռ ոչ միայն ծնելիության աճ չի նկատվել, այլև` հակառակը:

 

Սակայն հարցը քննարկման փուլում է, և պատգամավորի խոսքով` այսօր էլ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը քննարկելու է հարցը, և ամենայն հավանականությամբ, փոփոխություններ կլինեն. Մասնավորապես` կհանվի այն դրույթը, որի համաձայն` կինը առավելագույնս կարող է նպաստ ստանալ իր միջին աշխատավարձի 80 տոկոսի չափով: 80 տոկոսը կդարձվի 100 տոկոս: Այլ նախատեսվող փոփոխությունների մասին պատգամավորը չխոսեց: