կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-14 14:08
Հասարակություն

Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ. Անահիտ Բախշյան

Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը երեկ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով հարց է բարձրացնում, թե ինչու քաղաքային տրանսպորտի 23 երթուղիների սպասարկման համար մրցույթներ չեն կայանում.

 

«Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ: Դրա փաստացի վկայությունն է այն ակնհայտ իրողությունր, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հայտարարում, «30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել» (http://www.yerevan.am/1_295_announc_295)։ Ի հավելումն դրա՝ ս.թ. օգոստոս ամսվա ընթացքում այդ 23 երթուղիների համար հայտարարված 2 մրցույթներն այդպես էլ չեն կայանում: Խնդրո առնչությամբ խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվութունը.

 

1. Ո՞րն է ձեր պաշտոնական բացատրությունը այն իրողության, որ մինչև այժմ վերոնշյալ 23 երթուղիները սպասարկող կազմակերպություններ չկան:

 

2. Որքան էլ որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը», այդուհանդերձ, ո՞ր մասնագիտացված կազմակերպությունն է նրան օգնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանցի մշակման հարցում:

 

3. Ե՞րբ է մշակվել և Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը (ավտոբուսային և միկրոավտոբուսային):

 

4. Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել երթուղային ցանցում և ո՞ր համարի երթուղիների պարագայում, ըստ այդմ՝ ո՞ր ենթուղային գծերն են տարիների ընթացքում մնացել անփոփոխ, և ինչպե՞ս են հիմնավորվել կատարված փոփոխությունները:

 

5. Պահպանվո՞ւմ է արդյոք երթուղիների գծանշման գիտականությունը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվել Երևանի համար:

 

6. Ինչպե՞ս է որոշվում երթուղու նպատակահարմարությունը՝ երևանցուն առաջարկվող տրանսպորտային ծառայությունը պատշաճ իրականացնելու համար»: