|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ ունենում գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առաջ, ով կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժիշտին. «Նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, և իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար»։
Երիտասարդական նվագախումբը «Hollywood Non-Stop» ծրագրով արդեն իսկ հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։