Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես եկավ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը: Համերգը կազմակերպել էր «TM» ընկերությունը:
Բեմում Համասյանն իր խմբի հետ էր` Սեմ Մինայի /բաս-կիթառ/, Արթուր Հնաթեքի /թմբկահար/: Բնականաբար, դաշնակահարն առանց «բիս»-ի չհեռացավ` համերգային ծրագրից բացի, կատարեց նաև ժողովրդական «Հով արեք» ստեղծագործությունը` իր մշակմամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Համասյանը նշեց, որ համերգն իր համար յուրահատուկ էր, քանի որ օպերայի բեմում առաջին անգամ էր հանդես գալիս մենահամերգով. տարիներ առաջ միայն մեկ կատարմամբ է հանդես եկել այդ թատրոնում:
«Հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալն, իրոք, այլ հաճույք է, նրանք ընկալում են իմ գործերը մինչև վերջ: Ասենք` եթե հայկական ժողովրդական երգերի մշակումները դրսում ընդունվում են որպես էկզոտիկա, մեզ մոտ մեկ այլ ձև են ընդունում, քանի որ հոգեհարազատ են դրանք մեզ, մեր արյան միջով է անցնում դրանց երաժշտությունը»,- ասաց նա:
Ի դեպ, համերգին եղան նաև երևանյան պրեմիերաներ: Համասյանը տեղեկացրեց, որ հնչած գործերը իր նոր` 2015-ի հունվարին թողարկվելիք ձայնասկավառակից են:
«Ձայնասկավառակն իմ խմբով եմ ձայնագրել, երկու երգ էլ Գայանե Մովսիսյանն է կատարում: Ձայնասկավառակում ընդգրկված են լինելու իմ ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական երկու մեղեդիների մշակումներ»,- ասաց դաշնակահարը: