կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 17:58
Առանց Կատեգորիա

"Խստապահանջ" հանրապետականը

"Խստապահանջ" հանրապետականը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ գնալով բարդանում է. հանրապետական նոր գյուղապետը կառավարման «հանրապետական» մեթոդներին է անցել. ամեն տեղ խցկում է իր կադրերին, որոնք  ոչ հանրապետական աշխատողների համար ստեղծում են անաշխատանքային վիճակ, ու նրանք հրաժարականի դիմում են գրում:

 

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 24-ին հրաժարականի դիմումներ են գրել գյուղում գործող միակ մանկապարտեզի 7 աշխատողներ: Պատճառը մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի պահվածքն է: Թերթերից մեկը գրել էր, որ նորանշանակ տնօրենը փորձել է հաշվապահի ձեռքից խլել երեխաների վճարման գրանցամատյանը, իսկ մանկապարտեզի տնտեսվարի ձեռքից էլ՝ պահեստի բանալիները: Գյուղապետ Արթուր Մուրադյանը հաստատել էր տեղեկությունն ու ասել, թե կպարզի ինչն ինչոց է: Պարզել է ու «1in.am»-ին ասել, թե. «Նոր տնօրենը շատ ռեալ է մոտենում իր աշխատանքին, օրենքով սահմանված կարգով պահանջում է աշխատակիցներից, որ 09:00-ից մինչեւ 17:00 - 17:30-ը լինեն աշխատանքի տեղում»: Դա էլ հենց, իբր, առաջացրել է որոշ աշխատակիցների դժգոհությունը: 

 

Ահա, թե ինչ է նշանակում խստապահանջություն` ըստ հանրապետական գյուղապետի. մանկապարտեզն ունի 22 աշխատող, որոնցից յուրաքանչյուրն ունի գործունեության իր տեսակը. մեկը պատասխանատու է վճարման մատյանի համար, մյուսը' պահեստի, կա նաեւ ճաշարանապետ, պահակ, դայակ եւ այլ հաստիքով աշխատող: Եթե նոր տնօրենը պահանջեր իրեն հանձնել նաեւ պահակությունը, դայակությունը եւ մյուս գործերը, գուցե մտածեինք, որ փորձում է նորովի սերունդ կրթել, բայց նա պահանջել է վճարման մատյանն ու պահեստի բանալիները: Իսկ թե ինչ է նշանակում պահեստի բանալին հատկապես հանրապետականի համար, բացատրելու կարիք չկա:

 

Պռոշյանը Երեւանին բավականին մոտ է, եւ գյուղից շատ ծնողներ են աշխատանքի գալիս Երեւան` առավոտյան մանկապարտեզ տանելով զավակին եւ երեկոյան վերցնելով: Եվ ուրեմն գյուղապետի ասածը, թե առաջ մանկապարտեզի աշխատողները ժամը 11-ին գալիս էին գործի եւ 3-ին գնում տուն, կարելի է բացարձակ սուտ համարել նախեւառաջ հենց այն պատճառով, որ որեւէ ծնող դա չէր հանդուրժի: Բայց ոչ, գյուղապետը պատճառ է գտել` «խստապահանջություն»:

 

Փաստորեն, Արթուր Մուրադյանի «խստապահանջությունն» էլ պռոշյանցիներին դուր չէր գալիս, ինչի համար էլ բազմիցս պարտվում էր ընտրություններում. չէին ուզում խստապահանջ գյուղապետ ունենալ: «Խստապահանջությունը» դուր չի գալիս նաեւ բարերարներին, ովքեր նոր գյուղապետի պարագայում դադարեցրել են ծրագրերը:

 

Իրականում պռոշյանցիներն էն գլխից գիտեին, որ Հրաչ Մուրադյանին հաջորդած հանրապետական գյուղապետը բոլորովին նոր թիմ ու նոր բարքեր է իր հետ բերելու: Նրա սպանությունից հետո Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը իր «մարդուն» ուղարկեց գյուղ: Հիշում ենք Արմենուհի Մելիքյանին. ողջ գյուղը կանգնեց ոտքի եւ թույլ չտվեց, որ մարզպետի դրածոն անցնի իր պարտականությունների կատարմանը: Հիմա նա նոր գյուղապետի թիմից է: Նույն մարզպետի մարդիկ քանի անգամ հետաձգում էին գյուղի դպրոցի տնօրենի ընտրությունները` սպասելով «իրենց մարդուն»:

 

Գյուղապետ Արթուր Մուրադյանին անգամ չի հետաքրքրում, որ մի ամբողջ կոլեկտիվ հրաժարական տվեց: «Երեւի չեն ուզում իմ հետ աշխատեն»,- մանկան պես արդարանում էր նա: Իսկ ինչո՞ւ չեն ուզում աշխատել, խստապահա՞նջ եք: Ոչ, խստապահանջությունը այստեղ որեւէ տեղ չունի:

 

Խստապահանջությունը հատկանիշ է, որը հանրապետականների համար բնորոշիչ չի կարող լինել: Եվ դա գալիս է երկրի ղեկավարից: Հիշենք, թե քանիցս է Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ անցկացրել, ձեռքը խփել սեղանին, «խստապահանջորեն» տվել հանձնարարականներ, բայց...

 

Այժմ մեկ բան է ակնհայտ. ավանդական այս գյուղը դառնում է «հանրապետական բարքերի» գերին, որոնք, սակայն, չի ընդունում պռոշյանցին:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ