կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 14:29
Մշակույթ

ՀՊԵՆ-ը ելույթ կունենա երեք անվանի մենակատարների հետ

ՀՊԵՆ-ը ելույթ կունենա երեք անվանի մենակատարների հետ

Հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա հերթական համերգը: Այս անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին /Ուկրաինա/Իտալիա/, ջութակահար Հայկ Կազազյանը /Ռուսաստան/, կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանը /Շվեյցարիա/:

 

Լրագրողների հետ զրույցում երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ վաղը տոնական համերգ է լինելու, քանի որ համերգին հանդես են գալու երեք անվանի մենակատարներ:

 

«Երկու հայ մենակատարների հետ ենք համագործակցում, ովքեր դրսում մի շարք հաջողությունների են հասել, եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է նրանց հետ կապը պահպանել: Համերգային ծրագիրը կլինի հետաքրքիր, սակայն` պրոֆեսիոնալ եւ բարդ. միշտ չէ, որ հաջողվում է հաճելին ու պրոֆեսիոնալը համադրել»,-ասաց Սմբատյանը:

 

Ալեքսանդր Ռոմանովսկին էլ իր հերթին նշեց, որ ընդամենը երեկ է եկել Հայաստան, սակայն արդեն նվագախմբի հետ լեզու է գտնումԵրբ զգում ես դիմացինին, ստացվում է ամեն ինչ: Երիտասարդների հետ աշխատելը, ճիշտ է, շատ հաճելի է, սակայն շատ պարտավորեցնող»:

 

Անդրադառնալով համերգային ծրագրին` Ռոմանովսկին նշեց, որ Պրոկոֆեւի «Դաշնամուրի կոնցերտ» թիվ 2-ն իր ընտրությամբ է մտել ծրագիր, քանի որ այդ ստեղծագործությունը, ըստ նրա, այն գործերից է, որը կարող ես լսել ցանկացած տարիքում, քանի որ Պրոկոֆեւի ողջ հզորությունն ու ֆանտազիան երեւում է այդ գործում:

 

«Ստեղծագործության առաջին մասն ավելի դրամատիկ է, սակայն երկրորդ մասը` խրոխտ: Շատերն ասում են, որ Պրոկոֆեւի գործերը «կոպիտ» են. հաշվի առեք, որ նրա լավագույն ստեղծագործությունները գրվել են պատերազմի տարիներին»,-ասաց Ռոմանովսկին:

 

Կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանը շնորհակալ է Սերգեյ Սմբատյանին, որ իրեն հնարավորություն ընձեռեց հանդես գալ որպես մենակատար, քանի որ, երաժշտի կարծիքով, երբ հանդես ես գալիս որպես մենակատար, գործիքի եւ ստեղծագործության բոլոր «ծալքերը» կարող ես ներկայացնել հանդիսատեսին:

 

«Կատարելու եմ Սերգեյ Կուսեւիցկու «Կոնտրաբասի կոնցերտը» /երկ 3 ֆա դիեզ մինոր/, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում, ինչը, բնականաբար, պարտավորեցնող է»,-ասաց Խաչատրյանը:

 

Հայկ Կազազյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 17 տարի առաջ, երբ 13-14 տարեկան էր:

 

«Մեծ պատասխանատվություն է այսքան տարիներ հետո կրկին հայ հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալ: Ինձ համար դժվար է լինելու, սակայն, մյուս կողմից` ուրախ եմ, որ իմ հարազատ տանն եմ ելույթ ունենալու»,-ասաց Կազազյանը` հավելելով, որ համերգին կկատարի Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը» /երկ 47 ռե մինոր/: