կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 12:13
Քաղաքական

Հայաստանում ՌԴ նոր դեսպանը պետք է հետեւի վրացական զարգացումներին

Հայաստանում ՌԴ նոր դեսպանը պետք է հետեւի վրացական զարգացումներին

Հասկանալու համար, թե ինչ դեր կարող է խաղալ Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը, կարեւոր է հասկանալ, թե հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում ինչ դեր խաղաց նախորդ դեսպանը` Վյաչեսլավ Կովալենկոն. լրագրողներին այսօր ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

Քաղաքագետը հիշեցրեց, որ Կովալենկոն համարվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ամենաարհեստավարժ եւ մեծ հեղինակություն ունեցող դիվանագետներից, նաեւ կարեւորեց, որ Կովալենկոն, մինչեւ Հայաստանում դեսպան նշանակվելը, եղել էր Վրաստանում ՌԴ դեսպանը:

 

«Հասկանալի է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նաեւ համակարգում էր ու պատասխանատու էր վրացական ուղղությամբ: Կովալենկոն ուներ բավականին իրատեսական եւ խոր պատկերացումներ Հարավային Կովկասի հարցերի ու խնդիրների մասին»,- նշեց Մինասյանը:

 

Նա ասաց, որ, այս ամենով հանդերձ, կարելի է հասկանալ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարությունը գնահատում է, որ Հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը, բացի թուրքական, իրանական եւ արցախյան ուղղություններից, վրացական ուղղությունը եւս կարեւորում է: Ուստի նոր դեսպանը եւս ունի բավականին լուրջ փորձ Վրաստանի հետ աշխատելու հարցերում: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նոր նշանակումը կարող է կապված լինել նոր իրավիճակի հետ` ելնելով այն փոփոխություներից ու քայլերից, որ կարող են լինել ռուս-վրացական հարաբերություններում:

 

Այսինքն` այս դեսպանների նշանակումը ոչ միայն կարեւորություն էր ներկայացնում հայ –ռուսական հարաբերություններում, այլեւ տարածաշրջանում Ռուսաստանի նոր քաղաքականության տեսանկյունից:

Հայաստանում նախաթոշակային տարիքի դեսպաններ նշանակելու առանձնահատկությունն էլ, ինչպես ասաց Սերգեյ Մինասյանը, վերաբերում էր մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակահատվածին, քանի որ Կովալենկոյին դժվար է գնահատել որպես նախաթոշակային տարիքի դեսպանի, քանի որ Հայաստանից հետո նա գնալու է լուրջ ու կարեւոր պաշտոնի: Քաղաքագետն ասաց, որ նոր դեսպանը, ով նույնպես աշխատել է որպես Վրաստանում ՌԴ դեսպան, Կովալենկոյի գծի շարունակողն է լինելու:

 

Այսինքն` ռուս-վրացական հարաբերություններում եւ մեր տարածաշրջանում ռուսական քաղաքականության մեջ Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը կարեւոր դեր է հատկացվում:

 

«Այն, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական եւ ռազմական գործընկերոջ, դա ոչ միայն առավելություն է, այլեւ Հայաստանին նույնպես հնարավորությու է տալիս ավելի ակտիվ գործելու համար: Քանի որ եթե մինչեւ անցած տարվա հոկտեմբեր ավելի շատ կարելի էր ասել, թե ՌԴ դեսպանը Հայաստանից ավելի շատ հետեւում էր եւ փորձում էր հասկանալ քաղաքական զարգացումները Վրաստանում, ապա հիմա նոր դեսպանը ոչ միայն պետք է հետեւի, այլեւ ներգրավվի հարաբերույթունենրում: Հայաստանն այս պահին բացառիկ նշանակություն է փորձում զբաղեցնել տարածաշրջանային հարաբերություններում»,- նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը:

 

Նա շեշտեց, որ այժմ, եթե չասենք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են լավագույն էտապում, ապա գոնե այն ոլորտներում որնք մեզ համար ունեն առանցքային նշանակություն, օրինակ` ռազմական համագործակցության ոլորտը, այդ հարաբերությունները լավագույն մակարդակի վրա են: Ուստի, Հայաստանում ուժեղ ու բազմաֆունկցիոնալ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը հաշվի առնելով, Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն ավելի շատ նկատի կառնի հայկական շահերը Ղարաբաղյան համարտության համատեքստում:

 

Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ այժմ ինչպես Ռուսաստանն, այնպես էլ Վրաստանը շահագրգռված են Հայաստանի միջոցով որոշակի հարցեր լուծել: Իսկ իրանական ուղղությամբ, կարծիք հայտնեց քաղաքագետը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն այնքան էլ կարեւոր նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Իրանի հետ հարաբերությունների մասով ավանդական խողովակները այլ մակարդակում են: