Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է միասնական քննությունների ընթացքին: Նա նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում այս առաջնային խնդիրները կան՝ քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն, ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերից դժգոհությունները:
«Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Աշակերտները հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են, և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները: Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել անաչառ կազմակերպելու խնդիր ունենք»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ հազվադեպ հանդիպող դժգոհություններին:
Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում իջեցվի քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանում, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայաստանում անցումային շեմը չի նվազելու. այն շարունակում է մնալ 7,5 միավորը:
«Ռուսաստանում, այո, երկու հիմանկան առարկաներից՝ ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվեն նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում անցկացվել է «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը: Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը: Այս մասին հայտնում է կրթության և գիտության նախարարությունը: