Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մերձավոր Արևելքում, որտեղ երկրների մասնատման միտում կա, մեծ է հավանականությունը, որ Իրաքում Քրդստանի շրջանը, հավանաբար մինչեւ տարեվերջ, կհռչակի իր անկախությունը. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով մերձավորարեւելյան զարգացումներին: Դա տարածաշրջանում, ըստ բանախոսի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ:
«Մենք երբեմն պատկերացնում ենք, թե շատ հեռու ենք այդ տարածաշրջանից, բայց իրականում այդպես չէ, իրականում մեկ երկիր է մեզ բաժանում են Իրաքից կամ Իրաքի Քրդստանի շրջանից, եւ այդ երկիրն էլ մեր պատմական հայրենիքի գրավված տարածքներն են: Եվ այդ փոփոխությունն իսկապես մեծ կարեւորություն կարող է ունենալ մեզ համար: Այսինքն' անպայման անհրաժեշտ է, որ Հայաստանն այդ իրադարձություններին անտարբեր չլինի, եւ այսօր տակավին Իրաքի Քրդստանի հետ, բայց եթե հանկարծ հռչակվի Քրդստանի պետություն, ապա դրա հետ հարաբերությունները բավական արագ եւ մերձ կառուցի»,- նշեց Կիրո Մանոյանը:
Նա ավելացրեց, որ այդտեղ, սակայն, կա նաեւ այլ ուժերի, մասնավորապես' Թուրքիայի ներգործությունը, եւ ամենեւին չի նշանակում, թե Հայաստանի հետ հարաբերությունները, Քրդստանի ցանկությամբ, կլինեն սերտ: Ամեն դեպքում` Կիրո Մանոյանը համոզված է' Հայաստանն անտարբեր չի կարող մնալ ու պետք է ուշի ուշով հետեւի այդ իրադարձություններին:
Ինչ վերաբերում է Իրաքում, Սիրիայում ու, առհասարակ, Մերձավոր Արեւելքում ծավալվող մյուս զարգացումներին, «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» կազմակերպության ակտիվացմանը, դա, ըստ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արեւելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի կապակցությամբ:
«Որովհետեւ այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում' նաեւ հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»,- եզրափակեց Կիրո Մանոյանը: