Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, ով նախագահական ընտրությունների նախաշեմին հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ այդ ընտրություններն ի սկզբանե անօրինական են, ու ինքը չի մասնակցի քվեարկությանը, այժմ չի պատրաստվում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի` նույն անօրինականությունների դեմ միասնական պայքարի կոչին:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ինքը կարող էր նույն ճանապարհով գնալ, եթե վերջինս մինչ քվեարկության օրը, ինչպես ինքը, ընտրությունները հռչակեր ոչ օրինական:
«Նա, մտնելով քվեարկության, ընտրությունների լեգիտիմացմանը մասնակցեց եւ հիմա ճաշակում է այդ պտուղները: Ես, այդ առումով, չեմ կարող իրեն միանալ»,- իր մոտեցումը պարզաբանեց Մելիքյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ ինքը չի պատրաստվում միանալ Հովհաննիսյանին, երբ Հովհաննիսյանը հայտարարում է, որ պայքարում է ճիշտ այն երեւույթի դեմ, ինչը հենց հիմք հանդիսացավ Արման Մելիքյանի` ընտրությունների քվեարկությանը չմասնակցելու որոշման համար, նա պատասխանեց, որ Հովհաննիսյանի ներկայիս պայքարն ընտրակեղծիքների դեմ, միեւնույն է, լեգիտիմացնում է այդ ընտրությունները:
Որովհետեւ, Մելիքյանի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է մասնավոր ընտրակեղծիքների մասին խոսել, օրինակ` 10 կամ 20 ընտրատեղամասում, իսկ դրանից, միեւնույն է, վերահաշվարկի արդյունքներն էական ազդեցություն չեն ունենա ընդհանուր թվի վրա:
«Իսկ ընդհանուր թիվը կեղծված է առնվազն 700 հազար քվեով: Նա այս խնդիրը չի վիճարկում, այլ համարում է, որ իրեն տրվել է ձայների 1/3-ը, ինչն ակնհայտ սուտ է, ու ես ստի կողքին կանգնել չեմ կարող»,- նշեց Արման Մելիքյանը եւ հավելեց, որ ինքն այդ մասին ասել է նախկինում, կրկնում է նաեւ հիմա: