կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 16:07
Առանց Կատեգորիա

Մի քանի խորհուրդ Րաֆֆի Հովհաննիսյանին (բարեկամաբար)

Մի քանի խորհուրդ Րաֆֆի Հովհաննիսյանին (բարեկամաբար)

Լրագրողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել միշտ: Երբեք չի կարելի երևակայել, թե ամեն ինչ գիտես և կարող ես իմացածդ ձևակերպել ինչպես հարկն է:

 

Մեր լրագրողները մի վատ սովորություն ունեն՝ չեն մտածում: Ինչ ընկավ ձայնագրիչի բերանը, նույնությամբ թղթին կամ համակարգչին են փոխանցում՝ չհասկանալով, թե ինչ էր ուզում ասել մարդն իրականում: Իմ մեջ, օրինակ, հարց է առաջացել՝ ճի՞շտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Փետրվարի 18-ին ՀՀ-ում ընտրական հեղափոխություն է տեղի ունենալու»: Եթե այո, ապա ես ցավում եմ խարիզմատիկ և հանրահայտ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Մի՞թե կարելի է այսպես սայթաքել ուղիղ ասֆալտի վրա: Մայաներն էլ ասում էին` աշխարհի վերջն է գալու: Եկա՞վ: Ասել` այս է լինելու, այն է լինելու և չբացատրել, թե ինչու և ինչ պատճառներով է տվյալ բանը լինելու, մեղմ ասած, պայծառատեսություն է: Սերժ Սարգսյանը անցյալ մայիսին ասում էր՝ ունենալու ենք աննախադեպ արդար ու թափանցիկ ընտրություններ: Ունեցա՞նք: Եվ ես՝ հայ ընտրողս, հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ պիտի, Րաֆֆի Հովհաննիսյանի ասելով, ՀՀ-ում ընտրական հեղափոխություն տեղի ունենա: Եթե նա ասեր, որ ինքն է կատարելու այդ ընտրական հեղափոխությունը, դեռ կմտածեի՝ հը՞, կարող է՞ մտքին բան կա: Բայց չէ, Հովհաննիսյանը շարունակում է նույն ոճով. «Հայաստանի ժողովուրդը ջարդելու է ՀՀ-ում քսան տարի գործող ուժային, հարկային համակարգը»: Էդ ո՞նց: Դարձյալ ոչ մի բացատրություն:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հարգում է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, հատկապես` Հայրիկյանին և Բագրատյանին: Թվում է՝ անշառ նախադասություն է, այդպես չէ՞: Բայց մի՞թե կոռեկտ է նախ՝ հարգել մի փոքրիկ խումբ մարդկանց, ապա` նրանցից առանձնացնել երկուսին, թե ձեզ «հատկապես» եմ հարգում: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշվածներին հատկապես է հարգում, որովհետև նրանք կանգնած են եղել հայկական նորանկախ երկրի ակունքներում: Ներողություն, իհարկե, բայց որտե՞ղ է կանգնած եղել Սերժ Սարգսյանը: Ահա այստեղից էլ հերթական հարցն է ծնվում. առանձնացնելով Հայրիկյանին ու Բագրատյանին՝ Րաֆֆին ինչ-որ խնդի՞ր է լուծում, չի՞ փորձում, արդյոք, հայրական դիրք գրավել հենց Հայրիկյանի և Բագրատյանի նկատմամբ:

 

Երբեք մի ասա բաներ, որոնք չես արել իրականում: Սա ընտրարշավի երկաթյա օրենքն է: Ավելի լավ է չարածի մասին լռել, գուցե անցնի-գնա: «Ժառանգությունն» առաջին անգամ է մասնակցում ընտրություններին (նախագահական, Էդ. Ա.), բայց դա որևէ խոչընդոտ չէր, որ մենք զորակցեինք այս կամ այն ուժին, մենք լուծումը տեսանք մեզնից վեր, մեր եսը հաղթահարեցինք»: Այդ Րաֆֆի՞ն հաղթահարեց իր «եսը»: Այսինքն` մարդիկ հավի հիշողություն ունեն, այո՞: Դեռ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներ չէին ամփոփվել, երբ իմացանք, որ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է իր մանդատից՝ հանուն երիտասարդների: Հետո պարզվեց, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը այլ, ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան երիտասարդությանը տեղ տալն է: Մարդն առաջինն է հայտարարել նախագահ դառնալու ցանկության մասին, բոլոր կուսակիցներին հանձնարարել է մամուլի ակումբներում միայն իր գովքն անել (անձամբ Արմեն Մարտիրոսյանն այս թեմայով մի 10 ասուլիս է տվել), իսկ հիմա, խնդրեմ, ինքը հաղթահարել է իր «եսը»: Համոզիչ չէ, պարո'ն Հովհաննիսյան: Համոզիչ չէ հատկապես ընդդիմադիր միասնական թեկանածուի ընտրության հարցով խորհրդակցություններ անցկացրած ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համար, որոնց Դուք հիմա կոչ եք անում քվեարկել խղճի մտոք, որովհետև իրականում չեք կարողացել հաղթահարել սեփական «եսը»:

 

Կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել, թե ինչ բան է դե ֆակտո Հայաստանը և ինչ՝ դե յուրե Հայաստանը, և ինչու են այդ երկուսը պայքարում, որ հաղթեն միմյանց: Դե ֆակտո կայացած Արցախն, օրինակ, պայքարում է դե յուրե ճանաչվելու համար և ոչ թե դե յուրե ճանաչվելու դեմ: Նույն տրամաբանությամբ՝ դե յուրե ճանաչված Իսրայելը պայքարեց դե ֆակտո սահմաններ ունենալու համար: Ըստ երևույթին` բանախոսը ցանկացել է ասել՝ սա պայքար է լինելու այս և ապագա Հայաստանի միջև, պայքար Սերժի և Րաֆֆիի Հայաստանների միջև: Այ սա, արդեն, բոլորովին այլ բան է նշանակում, թեև դարձյալ մայաների լեգենդն է հիշեցնում, որին բախտ չվիճակվեց իրականություն դառնալ:

 

Եվ վերջում՝ ևս մի դիտարկում: Եթե ՀՀԿ-ականներն իրենց թեկնածուի համար ապահովված են համարում առաջին տեղը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ իր սխալ-մխալ հայտարարությունների շնորհիվ իրեն պատկերացնում է բացառապես Հրանտ Բագրատյանից և Պարույր Հայրիկյանից առաջ, ասել է՝ երկրորդ տեղում. «Նրանք արժանի մրցակիցներ են ՀՀ գործող նախագահին և ինձ»: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի ասեր՝ ի դեմս ՀՀ գործող նախագահի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի ես արժանի մրցակիցներ ունեմ: Սա կլիներ քաղաքական գործչի խոսք և ոչ թե տեխնոլոգիական հնարք, որ բանեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վերևների բարեհաճությամբ երկրորդ տեղում հայտնվելու համար: Իսկ մեր կարծիքով՝ նա այդ տեղում հայտնվելու համար դեռ շատ պետք է աշխատի: Արդյոք նա ավելի շա՞տ է տնտեսությունից գլուխ հանում, քան Բագրատյանը և կամ ավելի լա՞յն աշխարհայացք ունի, քան Հայրիկյանը: Այս ամենը կերևա, երբ սկսվի իսկական քարոզարշավը: Իսկ այդ ժամանակ մրցակիցները, սովորաբար, ավելի զգոն են ու չեն ներում հակառակորդների սայթաքումները: Այս ամբողջը մենք սրտանց և, որ շատ կարևոր է, անվճար նվիրում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա շտաբին: Չգիտենք էլ՝ պետք կգա՞ իրենց, թե՞ ոչ, բայց` ամեն դեպքում: Նաև հաջողություն ենք մաղթում իրեն էլ, իրեն ասուլիսների պատրաստողներին էլ:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ