կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 13:39
Առանց Կատեգորիա

Աշոտյանի արջի ծառայությունը

Աշոտյանի արջի ծառայությունը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը համոզված է, որ այս ընտրություններում Սերժ Սարգսյանն արջի ծառայության կարիք չունի։ Նախարարը նկատի է ունեցել, որ դպրոցների տնօրենները կարիք չունեն իրենց աշակերտներին` հոտերի նման քշելու նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի քարոզարշավներին:

 

Նախ` սոված-ծարավ այս ժողովրդի մեջ ովքե՞ր են արջերը։ Երկրորդ` հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը նման ծառայության կարիք չունի, արդեն արջի ծառայություն է, որովհետեւ նախարարի գործը խախտումներ կատարած դպրոցի տնօրենների հարցերը լուծելն է, ոչ թե՝ իր թեկնածուի քարոզն անելը։  

 

Եվ հետո` Հայաստանում արջի ծառայության կարիք չեն ունենում միայն ընդդիմադիր թեկնածուները՝ Վազգեն Մանուկյանը 1996-ին, Կարեն Դեմիրճյանը՝ 1998-ին, Ստեփան Դեմիրճյանը՝ 2003-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2008-ին։ Հայաստանի պատմությունը նաեւ գործող նախագահներին մատուցված` արջի ծառայությունների պատմություն է։

 

Սակայն հնարավոր է, որ, այնուամենայնիվ, առաջին անգամ գործ ունենք մի ընտրության հետ, երբ նախագահի` իշխանության թեկնածուն արջի ծառայության կարիք չունի, այսինքն` նրա հեղինակությունն անվիճելի է: Բայց Հայաստանում ո՞վ է այն անկախ փորձագետը, որ կասի, թե ինչի՞ հաշվին է Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս։ Ի՞նչ է արել, որ առանց խնդրի երկրորդ «սռոկ» պիտի դառնա հանրապետության նախագահ։ Ինչ-որ բան պիտի անի, չէ՞, մարդը, որպեսզի իրավունք ունենա սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին ասելու՝ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բսնում։ Իսկ էդ գյուղի վրա ադրբեջանցիները կրակում են, երբ ուզում են։ «Ես մեղավո՞ր եմ, որ քո երեխեքը Ռուսաստանում են»,- այդ մարդուն ասել է երկրորդ «սռոկ»-ի հավակնորդը։

 

Ուրեմն` անկախ նրանից, թե ով է մեղավոր, քո գործը իր երեխաներին Ռուսաստանում թողած մարդուն մխիթարելն է։ Քո հայրենակիցներն իրենց հողում այդքան շատ չեն, որ մուննաթով խոսես նրանց հետ։

 

Երբ Աշոտյանն ասում է, որ Սերժ Սարգսյանն արջի ծառայության կարիք չունի, պետք է մեկընդմիշտ հիշի՝ Հայաստանում միայն Սերժ Սարգսյանը արջի ծառայության կարիք ունի, նույնիսկ Աշոտյանն այդքան դրա կարիքը չունի։ Որովհետեւ վերջին մի քանի օրերին այնքան հայաստանցու վրա է մուննաթ եկել Սերժ Սարգսյանը, որ նորմալ երկրում նրան, իհարկե, արջի ծառայությունն էլ չէր փրկի, իսկ Հայաստանում արջի ծառայությունը կարող էր ֆոն լինել` ցույց տալու համար հասարակական ակտիվության մակարդակը։

 

Կրթության եւ գիտության նախարարն, իմ տպավորությամբ, կարգին չի էլ հասկանում, թե ինչ է «արջի ծառայությունը»։ Գյուղացիներին խոստանալ, որ այսուհետ հողի հարկ չի լինելու` ի՞նչ եք կարծում, նախընտրական խոստո՞ւմ է։ Այո, եթե երբեւէ կարգին շնչած գյուղատնտեսությանը հանկարծ սկսել է խանգարել հողի հարկը։ Բայց սոսկ խոստում է, եթե գյուղացին միշտ է բողոքել հողի հարկից, ու դու հանկարծ ընտրություններից մի քանի օր առաջ խոստանում ես, որ չի լինելու։ Այս խոստումը ինքն իրեն մատուցված արջի ծառայություն է, որովհետեւ, դիցուք, Սյունիքում արդեն կայացված է վճիռը՝ արոտավայրերը տրամադրել Իրանին։ Այս վճռից հետո դու կարող ես ընդհանրապես Հայաստանի բոլոր գյուղերն ազատել բոլոր հարկերից։ Օգուտը զրո է։ Չմոռանաք մովսեսցի գյուղացուն ուղղված մուննաթը։

 

Եթե Նժդեհի փայփայած հողը՝ Սյունիքը, այլեւս գյուղացունը չէ, միայն արջի ծառայությամբ դու կարող ես հավակնել մի աթոռի, որը, անձնական բարեկեցությունից բացի, նույնիսկ քեզ ոչինչ չի տվել։ Այնպես որ` Արմեն Աշոտյանը ուշացել է իր հայտարարության մեջ, թե Սերժ Սարգսյանն արջի ծառայության կարիք չունի։ Ավելի լավ կլինի, որ Աշոտյանն այս օրերին արջի քուն մտնի գոնե «Ֆեյսբուք»-ում, իսկ Սերժ Սարգսյանին թողնի հանգիստ իրականացնել իր «քարոզարշավը»։ Այսպես, թե այնպես` այս երկրում արդեն  կարեւոր էլ չէ, թե ինչ է սպասվում փետրվարի 18-ին։ Եթե անկեղծ, ես իսկապես չգիտեմ, թե, որպես քաղաքաց,ի ինչ պիտի անեմ այդ օրը։

 

Կգերադասեի բնության գրկում տեսնել, թե ո՞ւմ, ինչպե՞ս եւ ի՞նչ ծառայություններ է մատուցում արջը։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները  կարող են չհամապատասխանել  yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: