Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012թ. օգոստոսին 7-8-ը Մոսկվանում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, հատուկ անդրադառնալով Հայաստան մատակարարվող գազի սակագնին, նշել էր. «Կարծում եմ՝ դրա ձեւավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին՝ պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»: Այսինքն` դեռևս անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել էր, որ գազի թանկացումն այլընտրանք չունի, որ ռուսական կողմն այս հարցում զիջման չի գնացել, այսինքն` Հայաստանը պետք է հաշվի առնի ստեղծված նոր իրողությունը:
Դրանից հետո միակ հարցը, որ կարող էր լինել հայ-ռուսական բանակցությունների օրակարգում, այն էր, թե ինչ չափով կբարձրանա գազի սակագինը Հայաստանի սահմանին: Եվ չնայած դրան` այս տարվա մարտին նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն ասաց հետևյալը. «Կարող է թանկանալ, կարող է և չթանկանալ»: Այսինքն` ներքին սպառողներին խնդիրը մատուցվեց ոչ թե Մոսկվայում կայացված համաձայնության, այսինքն` գնի բարձրացման անխուսափելիության լույսի ներքո, այլ թանկացումը թույլ չտալու, որն այլևս հնարավոր չէր:
Թե ինչո՞ւ էր նախագահը նման կերպ մեկնաբանում իրավիճակը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ, թերևս ավելորդ բացատրությունների կարիք չունի: Սակայն բոլոր դեպքերում ակնհայտ էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղափոխվել են նոր սակագնի որոշման հարթություն:
Այս տարվա ապրիլին Ծաղկաձորում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստի ժամանակ «Գազպրոմ» ԲԲԸ-ի ֆինանսատնտեսական դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Դուշկոն «ԱՌԿԱ» գործակալության հետ ունեցած զրույցում հայտարարել էր, թե նոր գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, և դեռևս դժվար է ասել` երբ դրանք կավարտվեն: Մայիսի 14-ին «Հայռուսգազարդ»-ի կողմից գազի սակագինը վերանայելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու փաստն արձանագրեց, որ այդ բանացկություններն ավարտվել են: Ըստ էության` կողմերը կանգ են առել Հայաստանի սահմանին 1000 խմ գազի գինը 180-ի փոխարեն 270 դոլար սահմանելու, այսինքն` մոտավորապես 67 տոկոսով բարձրացնելու վրա: Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանը տանուլ է տվել նաև նոր սակագնի շուրջ ընթացող բանակցություններում կամ առնվազն չի կարողացել համոզել իր ռազմավարական գործընկերը հանդիսացող երկրին ավելի մեծ զիջումների գնալ:
Ուշագրավն այն է, որ ո'չ հայկական եւ ո'չ էլ ռուսական կողմերն առ այսօր որևէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչով է պայմանավորված նոր սակագնի չափը, որքանով է այն օպտիմալ և, որ ամենակարևորն է, ինչու հնարավոր չէր ավելի ցածր սակագին սահմանել: Մինչդեռ շան գլուխը, ինչպես ասում են, թաքնված է հենց այս վերջին հարցի տակ: Խնդիրն այն է, որ գազամատակարարումը և, հատկապես, դրա գնային սակարկությունները ռուսական կողմի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կատեգորիա է եղել միշտ: Եթե այդպես չլիներ, գազի սակագնի վերանայումը ոչ թե տեղի կունենար երկու երկրների նախագահների մակարդակով, այլ «Գազպրոմի» և ՀՀ կառավարության: Էներգետիկ ռեսուրսների գնային քաղաքականությունը Մոսկվայի համար առաջին հերթին իր գործընկերներից քաղաքական զիջումներ կորզելու գործիք է, որը կիրառում է թե' ԱՊՀ և թե' ԵՄ երկրների հետ հարաբերություններում:
Հետևաբար, ողջ հարցն այն է, թե ինչ է ակնկալել Ռուսաստանը Հայաստանից և որքանով է բավարարվել այդ ակնկալիքը` նման գնի շուրջ պայմանավորվածության հանգելու պարագայում: Հայաստանի համար նման թանկացումը սոցիալական չափազանց ծանր հետևանքներ է ուենալու: Այս հանգամանքն անտեսելը նշանակում է, որ Ռուսաստանը մեծ հաշվով իր քաղաքական ակնկալիքներում մնացել է չբավարարված, ինչը և ստիպել է չգնալ էական զիջումների: Ուշագրավ է երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստվում է միջազգային պարտատոմսեր թողարկել, ինչը թույլ կտա Հայաստանին վճարել Ռուսաստանի պարտքը: Սա նշանակում է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս թուլացնել Ռուսաստանի տնտեսական ճնշումները, և սա վերածվում է Հայաստան-Ռուսաստան տնտեսա-քաղաքական օրակարգի ամենակարևոր կետերից մեկը: Չի կարելի բացառել, որ Հայաստանին ներկայացված Ռուսաստանի հիմնական պահանջները վերաբերել են Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ծրագրերից կտրուկ հրաժարվելու պահանջին: Այս տարի նոյեմբերին Վիլնյուսում կայալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին պլանավորվում է Հայաստան-ԵՄ Ասոցացման, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքեց հուշագիր Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության հետ համագործակցության վերաբերյալ: Սակայն ԵՄ-ի հետ այս երկու համաձայնագրերի ֆոնին դա գործնական ոչ մի նշանակություն ու հետևանքներ չի կարող ունենալ, ինչն էլ, ըստ էության, նյարդայնացնում է Ռուսաստանին` ստիպելով իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառել գազային մտրակը: Փաստացի Մոսկվային չեն բավարարում անգամ նախագահի մակարդակով Հայաստանի կողմից տրվող այն հավաստիացումները, թե Հայաստանն իրականում կողմնորոշված է դեպի եվրասիական ինտեգրման գործընթացները, և դրանում այլընտրանք լինել չի կարող: Ռուսաստանին ոչ թե խոսքերն են հետաքրքրում, այլ կոնկրետ քայլերը, որոնք նա, կարծես, չի տեսնում:
Եթե նկատի առնենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերվում է «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, ապա չի կարելի բացառել, որ ռուսական գազով պայմանավորված սոցիալ-տնտեսական ճնշումները հաղթահարելու համար Հայաստանը ստիպված կլինի ֆինանսական օգնության դիմել ԵՄ-ին և աջակցություն ստանալ: Հակառակ դեպքում ընդհանրապես պատկերացնելի չէ, թե ինչ միջոցներով է կառավարությունը պլանավորում սուբսիդավորել գազի թանկացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար այն դեպքում, երբ գտնվում է արտաքին պարտքի մարման ամենածանր փուլերից մեկում:
Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ