Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրահավաքների օրերին վանաձորցին արդեն գիտի, որ չի կարող մեկնել Երեւան եւ ստիպված է հետաձգել իր պլանները, որովհետեւ Երեւան մեկնող երթուղայիններն «անհետանում են», իսկ անհատ տաքսիներն էլ, օգտվելով առիթից, 2500-3000 դրամ են պահանջում:
Այս օրերին բնորոշ է նաեւ, որ ղեկավարությունը տեղում չէ, եւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում երթուղայինների բացակայության համար: Մարզպետարանն էլ ասում է, որ չի վերահսկում հանրապետական տրանսպորտը, դա տրանսպորտի տեսչության գործն է:
Անհասկանալի է, թե ինչու է մրցույթը շահած ընկերությունը ընդդիմության հանրահավաքների օրերին խախտում պայմանագրով սահմանած կետերը:
«Վանաձոր» տաքսի ծառայության կայանատեղիում այս պահին միայն Գյումրի մեկնող տաքսիներն են: Ինչպես նախորդ հանրահավաքային օրը, այս անգամ էլ պատճառաբանում են, որ Երեւան մեկնող մեքենաները տեխզննման են տարել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղում ուսումնասիրություններ է կատարում: Նա ասաց, որ, նախորդ խախտումների հետ կապված, դիմել են համապատասխան ատյաններ, մասնավորապես` տրանսպորտի եւ կապի նախարարություն, եւ անհեթեթ պատասխաններ ստացել:
Վանաձորի ավտակայանում մի քանի տասնյակ մարդ է հավաքված, որոնք անհույս սպասում են Երեւան մեկնող մեքենաներին: Եվ ամենազավեշտալին այն է, որ նրանք իրականում ոչ մի կապ չունեն երթի ու հանրահավաքի հետ: Դրանով իշխանություններն ավելի են սրում ժողովրդի դժգոհությունն իրենց հանդեպ: