Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների մասին, հայտարարեց, որ ինչ-որ ինտրիգներ կարող էին լինել, երբ մեկ միլիոնից ավելի ընտրողներ են մասնակցում, սակայն լուրջ խախտումներ հիմնականում չեն եղել:
Պատասխանելով դիտարկմանը, թե ընտրախախտումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին արջի ծառայություններ մատուցողներ կան, նա ասաց, որ այլ քաղաքական ուժերի ևս մատուցվել են արջի ծառայություններ: «Սա միայն մեր ընտրությունը չէր, սա քաղաքական ուժերի սկզբունքներով կազմակերպված հանրաքվե էր»,- նշեց ԱԺ խոսնակը:
Հարցին, թե այդ ծառայությունները ՀՀԿ-ի հրահանգո՞վ են կատարվել, Սահակյանը պատասխանեց, որ դրանք եղել են ՀԱԿ-ի պահանջով: «Դա արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի կարողանան այսօր որոշակիորեն ընդդիմադիր կեցվածք ապահովել: Ամբողջ ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել, ըստ երևույթին` մտածել են, ֆանտազիայի մեջ են մտել»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների համար ևս ընտրախախտումներն ակնհայտ են եղել, Սահակյանը պատասխանեց. «Դա դիտորդական խումբ չէր, երեք հոգի են եղել, որոնք ներկայացուցչական խմբեր են, որոնք արձանագրություններ չեն կազմել, պարզապես տեղեկատվություն են հաղորդել ձեզ, առավել ևս` ինչպես եղավ, ենթադրենք, Ադրբեջանում, որ բոլոր դիտորդները շատ լավ խոսեցին: Այնպես որ` միայն խոսելով չէ, նայած` ով ում է հրավիրում, որ քաղաքական կողմից եկող, որ քաղաքական ուժերի ազդեցության տակ է»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ միջազգային կառույցները նման ընտրություններից հետո հրաժարվեն ֆինանսավորել Հայաստանին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին այնքան ֆինանսական աջակցություններ են անում, որ ընտրությունների հետևանքով պիտի չանեին: Չեմ կարծում, քանի որ ընտրություններն անցել են բավարար»:
Նրա կարծիքով` եթե անգամ ընտրախախտումները բացահայտվեն, և մեղավորները պատիժ կրեն, միևնույն է, դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա: