կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 18:53
Քաղաքական

Վստահ եմ` ովքեր արջի ծառայություն են մատուցել, կպատժվեն. Արփինե Հովհաննիսյան

Վստահ եմ` ովքեր արջի ծառայություն են մատուցել, կպատժվեն. Արփինե Հովհաննիսյան

«Բոլոր ընտրախախտումների հետ կապված հստակ կա որոշում և հստակ կա քայլերի հաջորդականություն, առաջին հերթին՝ կան հարուցված քրեական գործեր, կան վերահաշվարկի դիմումներ ու կարտարվում են վերահաշվարկներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի  ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին: Նա նշեց, որ քրեական գործերից երկուսը քննչական կոմիտեում են, 6 գործ՝ գլխավոր դատախազությունում. «Հենց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հարյուրից ավելի գործերով, որոնց արդյուքներով պարզ կլինի քրեական գործեր հարուցվելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ դրանց ծավալը մեծ է ու դժվար է պարզել՝ կա՞ն քրեական գործի հատկանիշներ այդ գործերում, թե՞ ոչ: Նրանցով, որոնք հստակ են եղել, արդեն կան հարուցված քրեական գործեր»:

«Մեզ համար հանրաքվեի վերաբերյալ վստահության մթնոլորտ ստեղծելու հաջորդ քայլը ձեր ահազանգերին հետամուտ լինելն է, եթե դրանից հետո դուք կտեսնեք, որ ոչ մի բան չի արվել, այն ժամանակ գնահատականներ կտաք: Վստահ եմ, որ նրանք, ովքեր և՛ արջի ծառայություն են մատուցել, և՛ իրենց լիազորությունները գերազանցել են, ովքեր խախտումներ են արել, կպատժվեն»,- նշեց նախարարը: Հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տեսաերիզները մոնտաժված են, որտեղի՞ց նրան նման տեղեկություն,  Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը: «Ես վարչապետի ասածները չեմ մեկնաբանում, եթե նրան նման ինֆորմացիա տրամադրվել է, նշանակում է, որ այն տեղեկատվությունը, որին ինքը տիրապետում է ունի  օբյեկտիվ հիմքեր: Ես նրան նման տեղեկություն չեմ տրամադրել, որովհետև դա իմ իրավասության շրջանակներում չէ»,- նշեց նախարարը:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում «մոնտաժված կեղծիք», նախարարը պատասխանեց, որ շատ իրավիճակներում հնարավոր են այնպիսի դեպքեր, որ` «գրել են, նյութը հրապարակել են, սակայն տեսանյութը չեն կցել,կամ տեսանյութը ներկայացրել են կտրտված ձևով»: