կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 18:12
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի կամ՝ ընտրարշավ. օր 9-րդ

Քաղաքական կատականի կամ՝ ընտրարշավ. օր 9-րդ

 ***

ՀՀԿ-ին պետք են բարետես և անփորձ աղջիկներ՝ հաջորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր աշխատելու համար: Աշխատավարձը՝ ինչքան բարետես և անփորձ, այնքան շատ:

 

***

ՀՀԿ-ի գեղեցկուհի պատգամավորները վստահ են, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Իսկ թե ինչո՞ւ իրենք մի Հայաստան էլ չեն փրկում, չես կարողանում հասկանալ:

 

***

Հայրիկյանը մեկ-երկու օրով կդադարեցնի ընտրարշավը: Պատճառը  «Գարեգին Նժդեհ» ֆիլմն է: Փորձառու քաղաքական գործիչը երբեք այդքան չի հուզվել, որքան հուզվել է դրա պրեմիերային: Նա, արցունքները հազիվ զսպելով, ասել է՝ թերությունները չհաշված՝ հրաշալի ֆիլմ է:

 

***

Մի ապուշ «Ֆեյսբուքի» իր պատին գրել է. «Նժդեհի վրա փող աշխատելը սիրուն չի: Նրա մասին ֆիլմը պետք է ժողովրդին ցուցադրվի անվճար, ինչ-որ տեղ նույնիսկ պարտադրանքի ձևով: Ճիշտ այնպես, ինչպես սերիալները»:

 

***

Սերժ Սարգսյանը, պարզվում է, լավ էլ «ջղայն» մարդ է: Սամվել Ալեքսանյանը դեպքի վայրում չլիներ, ով գիտի` էլի ինչեր էր ասելու այն կնոջը: Ի դեպ՝ նկատել ե՞ք, որ դժվար պահերին Սամվել Ալեքսանյանը միշտ կա'մ Ռուբեն Հայրապետյանի կողքին է, կա'մ Սերժ Սարգսյանի: Հո տղա չի, իսկը՝ 911:

 

***

Սամվել Ալեքսանյանի սխրանքը, սակայն, չի կարողացել կրկնել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Երբ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը զայրացել է հերթական ՀՀ քաղաքացու վրա` թե դու ես մեղավոր, որ խիյարը թարս է բսնում, մարզպետին չի հաջողվել այնպես անել, որ բիձեն լեզուն իրեն քաշի:


***

Լարված և անզիջում քարոզարշավը շարունակվում է: Սերժ Սարգսյանին հաջողվել է այս էտապում Րաֆֆի Հովհաննիսյանից խլել ժողովրդին զարմացնելու գծով առաջատարի դիրքերը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ