կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 13:48
Առանց Կատեգորիա

Տրամաբանական սխալ

Տրամաբանական սխալ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարում է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ կլինի Գյումրիի և գյումրեցիների համար: Իսկ ինչպիսի՞ նախագահ կլինի (նախագահ է) Սերժ Սարգսյանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Այս հարցը Սամվել Բալասանյանի քաղաքագիտական վերլուծությունների սահմաններից դուրս է: Ավելին ասենք. Սամվել Բալասանյանն այդպես է կարծում, ոչ թե Գյումրիի շահերից ելնելով, այլ որովհետև Սերժ Սարգսյանն է իրեն դարձրել Գյումրիի քաղաքապետ:

 

Սամվել Բալասանյանը նույն կերպ էր մտածելու, նույնիսկ եթե մնար ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Ավելին` Սամվել Բալասանյանը չի կարող պարզապես ուրիշ կերպ մտածել: Նրա մտածողությունն ու ճակատագիրը համակարգային մտածողություն ու ճակատագիր են: Համակարգային մտածողությունը, եթե այն մարդուն զրկում է բնական մտածողությունից, միշտ էլ հանգեցնում է տրամաբանական սխալի:

 

ՀՀ նախագահը պետք է լինի ՀՀ նախագահ և ոչ թե առանձին քաղաքի, առանձին քաղաքապետի, կամ առանձին համակարգի նախագահ: ԱՄՆ տարբեր նահանգներ, բնականաբար, տարբեր քանակի ձայներ են բերում իրենց նախագահի թեկնածուներին: Նույնը կարելի է ասել նաև ՀՀ մարզերի և նրանց հավասարեցված քաղաքային համայնքների մասին: Բայց, ի տարբերություն ամերիկյան նահանգապետների, որոնց այդ պաշտոնում ընտրում է ժողովուրդը, մեր մարզպետներին, շատ դեպքերում նաև քաղաքապետներին (միամիտ չենք՝ Գյումրի, Երևան, Վանաձոր) նշանակում է ՀՀ նախագահը և գերիշխանություն ունի նրանց նկատմամբ:

 

Մեր մատնանշած տրամաբանական սխալը, ինչ-որ տեղ նաև այստեղից է գալիս: Մարզպետը չի կարող մտածել, որ ՀՀ նախագահը կարող է վատ նախագահ լինել իր և իր ղեկավարած մարզի (քաղաքի) համար: Եթե հանկարծ մի համակարգային մարզպետ կամ մի քաղաքապետ (կուսակցական պատկանելությունն արդեն կապ չունի) նախագահի թեկնածուների մեջ սատարի որևէ այլ թեկնածուի, վստահեցնում ենք, նա չի ձգի մինչև նախագահական ընտրություններ:

 

Ի՞նչ ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ինչո՞ւ ընդդիմությունը քշվեց անկյուն, և համարյա բոլոր համայնքներում քաղաքապետ ու գյուղապետ ընտրվեցին (կարելի է ասել՝ նշանակվեցին) ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները: Դա արվեց այսօրվա համար: Որ նրանք մեկիկ-մեկիկ կանգնեն ու Սամվել Բալասանյանի հանգույն հայտարարեն, թե իրենց գյուղի համար Սերժ Սարգսյանից լավը չկա:

 

Ինչո՞ւ Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չթողեցին նույնիսկ մասնակցել քաղաքային ընտրություններին: Նա մեղանչե՞լ էր համակարգի դեմ: Ոչ, իհարկե: Պարզապես նա չէր «նայվում» այդ համակարգի նախաձեռնած` ՀՀԿ-ԲՀԿ ավելի մեծ թատերախաղի մեջ, որտեղ ԲՀԿ-ին «ընդդիմությունոտ» դեր էր վերապահված: Վարդան Ղուկասյանը, բնականաբար, ներքին վեճ ունի Սերժ Սարգսյանի հետ՝ ինչո՞ւ Բալասանյանը և ոչ թե ինքը: Բայց այդ վեճը նա իր ներսում խեղդում է հանուն համակարգի: Հարցրեք իրեն, և նա ձեզ կասի, որ Գյումրիի համար ամենալավ նախագահը կարող է Սերժ Սարգսյանը լինել: Այսպես են մտածում գործող ու նախկին բոլոր համակարգայինները: Նրանց համար կարևորը նախագահի անձն ու անձնական որոշումներն են: Երկրի արտաքին քաղաքականություն, Արցախի հարց, քաղաքական կողմնորոշման վեկտորներ և այլն նրանց համար էական չեն: Բնականաբար, նրանց համար էական չէ նաև, թե այդքան լավ նախագահն ինչ մոտեցումներ ունի այդ հարցերին:

 

ՀՀ-ում քանի՞ գյուղապետ ու քաղաքապետ է մինչև վերջ կարդացել Սերժ Սարգսյանի ծրագիրը կամ թեկուզ նրա վերջին հարցազրույցը: Բայց ինչո՞ւ պիտի կարդան: Սերժ Սարգսյանն իրենց նշանակել է, որ գործո՞վ զբաղվեն, թե՞ ծրագիր կարդան: Եթե մի քիչ մտածենք, այստեղ տրամաբանական` նույնիսկ մեծ սխալ կա:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ