Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարնանը տեղացած կարկուտից փրկված ծիրանները մնացել են բախտի քմահաճույքին: Ներկայումս շուրջ 200 բեռնատար, որոնց մեծ մասը բեռնված է ծիրանով, մնացել է Վերին Լարսի անցակետում: Հայկական այս պտուղը, որպեսզի չարժանանա 2014-ի հունիսին Լարսի ճանապարհին մնացած ու փչացած ծիրանի ճակատագրին, պետք է առնվազն հարուստ փոխադրող ունենա: Այս դեպքում խոսքը միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերության մասին է, որը Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո լաստանավեր էր վարձակալել և կազմակերպել բեռնատարերի տեղափոխումը Բաթում-Նովոռոսիյսկ ուղղությամբ: Իսկ ի՞նչ իրավիճակում են հայտնվել սեզոնային միրգ տեղափոխող հայկական մյուս ընկերություններն ու անհատ ձեռներեցները:
Yerkir.am-ին տեղեկություններ են հասել, որ առայժմ հատուկենտ բեռնափոխադրողների է (բացի «Սպայկայից») հաջողվել նավերով հասնել Նովոռոսիյսկ: «Սպայկա» ընկերության վարձակալած` Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը, որը բեռնված էր 55 բեռնատարով, արդեն հասել է Նովոռոսիյսկ, սակայն բեռնատարների հիմնական մասը պատկանում է «Սպայկա»-ին, իսկ մյուս ընկերությունները դեռ սպասում են իրենց հերթին: Մեր տեղեկություններով՝ ծովային ճանապարհով յուրաքանչյուր բեռնատարի տեղափոխման համար ծախսվում է մոտ 1000 դոլար, ինչը, ցամաքային ճանապարհով փոխադրման համեմատ, ավելի թանկ է: Այն, որ սկզբում նախապատվությունը տրվում է հենց «Սպայկա»-ի բեռները տեղափոխելուն, բնական է, քանի որ հենց այդ ընկերությունն է վարձակալել լաստանավերը: Սակայն տուժում են մյուս՝ անհատ բեռնափոխադրողները, ովքեր, չունենալով պետական աջակցություն, ապավինում են մասնավոր ընկերության օգնությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ: «Կազմվում է մեկնման ժամանակացույց՝ բոլոր ընկերությունների համար, որոնք դիմում են կա\'մ նախարարություն, կա\'մ «Սպայկա»: Առաջնահերթությունը տրվում է այն բեռնափոխադրողներին, ովքեր ավելի երկար են սպասել անցակետում»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ ծովային ճանապարհով իրականացվող բեռնափոխադրումների արդյունքում իրենց ընկերությունը մեծ վնասներ չի կրել: «Նովոռոսիյսկի նավամատույցում համապատասխան տեղեր են հատկացված հայկական բերքը տեղափոխող նավերին, որպեսզի առանց հերթի կարողանան կանգնել»,- ասաց նա:
Հարցին` անցակետի փակվելու արդյունքում բերքը չի՞ փչանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, երբ մթերքն անգամ մեկ օր ուշ է տեղ հասնում, իր որակը որոշակիորեն կորցնում է, այսինքն` հնարավոր չէ խուսափել վնասներից: Բայց եթե համեմատենք 2014-ի նույն ժամանակահատվածում Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով ստեղծված իրավիճակի հետ, այս անգամ գոնե հնարավոր եղավ այլընտրանքային փոխադրում կազմակերպել: Այն ժամանակ հավաքված մթերքը վնասվեց, փչացավ, այս անգամ ամեն ինչ արագ կազմակերպվեց, և, ընդհանուր առմամբ, մեր ընկերությունը մեծ վնասներ չկրեց»,- հայտնեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծովային ճանապարհով փոխադրումը բեռնափոխադրումների արժեքի վրա մեծ ազդեցություն չի ունենում: «Տարբերությունն այնքան էլ էական չէ, ժամկետների առումով է մի քանի օր ուշ հասնում»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում Վերին Լարսում սպասող մեկ այլ բեռնափոխադրող ընկերության՝ «ՄԵՐՁ ՏՐԱՆՍ»-ի աշխատակիցներից Բաբկեն Աթոյանը հայտնեց, որ հունիսի 24-ից իրենց ընկերության մեքենաները կանգնած են Փոթիում և սպասում են փոխադրման: Նրա խոսքով՝ փոխադրումն իրականացվում է «Սպայկա»-ի վարձակալած նավերի միջոցով, իրենք հնարավորություն չունեն առանձին նավ վարձակալելու` թանկ հաճույք է: Աթոյանը նշեց, որ 2014թ. հունիսին ստեղծված իրավիճակն ավելի վատ էր: «Հիմա եթե հույս կա, որ մեր հերթը կհասնի և կկարողանանք բեռները տեղ հասցնել, այն ժամանակ դա էլ չկար. բեռները հասցրեցինք տեղ, անգամ մարդկանց գումար ենք տվել, որ թույլ տան, որպես աղբ, ծիրանը թափենք»,- ասաց նա:
Խոսելով Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի բացման հեռանկարների մասին՝ Աթոյանը նշեց, որ նախքան ռուս-վրացական կոնֆլիկտը բեռները Հարավային Օսիայով են տեղափոխել, և եթե հնարավոր լիներ այդ ճանապարհը վերաբացել, լավ կլիներ: Սակայն, ըստ նրա, դա ավելի շատ քաղաքական խնդիր է, որի լուծմանը Հայաստանն այնքան էլ չի կարող նպաստել:
Հիշեցնենք, որ երեկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնել էր, որ հայկական կողմը բանակցություններ է վարում Ռուսաստանի ու Վրաստանի հետ՝ գոնե ժամանակավոր այդ ճանապարհը բացելու համար:
Վերին Լարսի անցակետի փակվելը ոչ միայն խնդիր է ստեղծել Հայաստանից բերքի արտահանման համար, այլև ՌԴ-ից ներկրվող ապրանքատեսակները տեղափոխելու առումով: «ՄԵՐՁ ՏՐԱՆՍ»-ից հայտնեցին, որ ներկայումս իրենց ընկերությանը պատկանող` տարբեր ապրանքներով բեռնված 14 բեռնատար մնացել է Պյատիգորսկում, Վլադիկավկազում, Ռոստովում, սպասում են ճանապարհի բացմանը:
Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք նաև Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանի հետ: Նա տեղյակ չէր, թե այս պահին կոնկրետ քանի բեռնատար է մնացել անցակետում, քանիսն է հասել ՌԴ, քանիսի բերքն է փչացել և այլն:
«Նավ կա էնտեղ, ծիրանները դնում են, տանում, բայց ի՞նչ կլինի, ո՞նց կփչանա, չեմ կարող ասել, նավը մասնավոր ընկերությունն է կազամակերպել, մյուսներն էլ մասնավորի հետ տեղափոխում են»,- ասաց նա և հավելեց. «Էս պահին ես Աստծուն աղոթում եմ, որ հնարավորինս շուտ ճանապարհը վերականգնեն, որ ծիրանները չփչանան»:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` այս տարի արտահանվել է շուրջ տասը հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Թե որքա՞ն ծիրան է փչացել Վրաստան-Ռուսաստան սահմանին, դեռևս հայտնի չէ: Պետությունն առայժմ ծիրան արտահանողներին առաջարկում է հույսը դնել մասնավոր ընկերության խղճին կամ պարզապես աղոթել:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ