կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 17:10
Հասարակություն

«Կարոտել եմ ձեզ, հետո էլի կզանգեմ». զոհված զինծառայողի ընտանիքը թոշակի հույսին է մնացել

«Կարոտել եմ ձեզ, հետո էլի կզանգեմ». զոհված զինծառայողի ընտանիքը թոշակի հույսին է մնացել

Քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում ապրիլի 2-ին զոհվել էր նաև զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդար Մարգարյանը:

Մարգարյանը 53 տարեկան էր, ապրում էր Մատաղիսում, 23 տարի է` ծառայում էր հայրենիքին: 4 երեխաների հայր էր, ամուսնացել էր երկրորդ անգամ. առաջին կնոջից ունի երեք երեխա, երկրորդից՝ մեկ աղջիկ:

Մարգարյանի` Գուգարք գյուղի բնակարանում ապրում է նրա 81-ամյա մայրը, հաշմանդամություն ունեցող տղան և աղջիկը` իր երեխայի հետ: Մարգարյանի մեծ տղան ամուսնացած է և արդեն 4-5 տարի է` Ռուսաստանում է մշտական բնակություն հաստատել:

Yerkir.am-ի հետ զրույցում Մարգարյանի աղջիկը` 30-ամյա Լուսինե Մարգարյանը, նշեց, որ հիմա չգիտեն` ինչպես են ապրելու:

«Մեր միակ հույսը հայրս էր, նա էր մեզ օգնում: Մայրս դեռ 2004-ին է մահացել` երկարատև հիվանդությունից հետո. եղբորս ծնվելուց հետո թուլացել էին մկանները, ձեռքերն ու ոտքերը չէին աշխատում, անկողնային պառկած էր: Մորս մահից տարիներ անց հայրս նորից ամուսնացավ: Դե, Մատաղիսում էր ծառայության անցել, միայնակ չէր կարող: Ես միջնակարգ կրթություն ունեմ միայն, քանի որ մորս խնամել էր պետք ու տան գործն անել: Հետո ես էլ ամուսնացա, ամուսնալուծվեցի, 1 աղջիկ ունեմ»,- պատմեց Լուսինեն:

Ըստ նրա` իր կրտսեր եղբայրը` 24-ամյա Նարեկը, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի` թերաճ է: Նարեկը սովորել է Թատերական ինստիտուտում, բայց, ցավոք, աշխատանք չունի: Լուսինեն նշեց, որ հոր մահից հետո Նարեկի առողջական վիճակն ավելի է վատացել: «Գլխացավերը սրվել են հիմա, և երբ նրան տարանք Երևան` հիվանդանոց, ասացին, որ ուշացրել ենք` վիճակը վատացել է: Ասացին նաև, որ պետք է որոշ ժամանակ բուժում ստանա, բուժումն անվճար է` որպես զոհված զինծառայողի որդի: Բժիշկներն ասացին նաև, որ ստացիոնար բուժում ստանալուց հետո կարգը վերանայելու անհրաժեշտություն էլ կառաջանա, և նրան 2-րդ կարգի հաշմանդամության գրքույկ կտան»,- ասաց Լուսինեն:

Նա նշեց նաև, որ ապրուստի միակ միջոցն այս պահին տատի` 35 000 ու եղբոր 16 000 դրամ թոշակներն են: Մարգարյանների բնակարանը նույնպես անմխիթար վիճակում է` երկրաշարժից հետո վերանորոգել են, որքան ի վիճակի են եղել, բայց մոր հիվանդության պատճառով շինարարությունը կիսատ է մնացել:

Լուսինեն հիշում է, որ 1992-ին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, հայրն առաջիններից էր, որ ռազմաճակատ է մեկնել, պատերազմից վերադառնալուն պես էլ որոշել է պայմանագրային զինծառայող դառնալ: «Իսկ այս անգամ… Զինվորներին ուտելիք է փորձել տանել, բայց սնարյադը պայթել է… Հորս կողքին գտնվող երեք ընկերներն էլ մահացել են: Ապրիլի 2-ին` առավոտ շուտ ժամը 7:30-ին, հայրս զանգել` եղբորս հետ էր խոսել: Շատ կարճ խոսեց` մի քանի վայրկյան… Ասաց, որ կարոտել է մեզ, բայց հիմա չի կարող երկար խոսել: «Հետո կզանգեմ»,- խոստացել էր հայրս… 1,5 ժամ հետո էլ տեղի էր ունեցել դեպքը»,- պատմեց նա:

Լուսինեն կուզենար աշխատե, կուզենար` եղբայրն էլ աշխատի, որ իրենք իրենց գլուխը պահեին: «Հայրս որոշել էր տունը նորմալ վերանորոգել, մորս քարը գցել: Հորս մահից հետո մեկն օգնեց ու երկուսի քարի հարցն էլ լուծվեց, պետությունն էլ հուղարկավորման հարցերը լուծեց: Ճիշտ է, հիմա չգիտենք` ինչ ենք անելու, ոնց ենք ապրելու, բայց կուզեի` հորս կիսատ թողած գործերը շարունակել ու մեր ընտանիքը ոտքի կանգնեցնել: Կրթություն չունեմ, բայց պատրաստ եմ աշխատել` ինչ էլ կլինի: Կուզեի նաև եղբայրս` Նարեկը, աշխատեր, կցրվեր, օրը կանցներ: Աստված մեծ է, մի դուռ կբացվի երևի»,- հույս հայտնեց Լուսինեն:

 

Կ. Հ. 

 

Ի դեպ, Մարգարյանների ընտանիքին օգնելու համար կարող եք գումար փոխանցել նաև Լուսինե Մարգարյանի հաշվեհամարին /մանրամասների համար կարող եք զանգահարել yerkir.am-ի խմբագրություն` 52 15 01 հեռախոսահամարով/:

ВТБ բանկ, ստացող` Լուսինե Մարգարյան

Դրամով`  16093008015710

Դոլարով ` 16093008015711

Եվրոյով`  16093008015712

Ռուբլիով` 16093008015713