Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպորտում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները մարզիկների սեփականությունը չեն, դրանք պետության նվաճումներն են, սակայն Հայաստանում այդ ամենին այլ կերպ են նայում. մարզիկի նվաճած մեդալը ենթարկվում է մաքսազերծման 47 հազար դրամով. NEWS.am Sport-ին ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերում Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար Հայաստանում մաքսազերծման գումար են պահանջել։
«Մեր լավագույն ծանրորդներից Հայկ Հակոբյանը 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Ոսկե մեդալակիրը դոպինգ օգտագործելու համար հետագայում որակազրկվել է եւ մեր մարզիկը բարձրացել է երրորդ տեղ եւ նվաճել բրոնզե մեդալ: Նրան վերադարձվել է բրոնզե մեդալը: Ուսանողական խաղերի միջազգային կազմակերպությունը ուղարկել է մեդալը Հայաստան: Սակայն այդ մեդալը այժմ մնացել է Հայաստանի Արարատյան մաքսակետում: Հայաստանում այդ մեդալը ներկրելու համար մաքսազերծում են պահանջում` 47 հազար դրամ: Ասում են՝ արի մուծի այդ գումարը, մեդալդ տանք քեզ։ Այդ մեդալն արժե ընդամենը 10 եվրո` մեր գումարով 5 հազար դրամ: Իսկ սահմանին ասում են` բա ծախս ենք արել, բերել, հասցրել ենք այստեղ, պիտի մաքսազերծենք… Ի՞նչ է նշանակում մարզիկի նվաճած մեդալը մաքսազերծել: Դա մարզիկի անձնական մեդալը չէ, դա պետության անուն ազգանունն է: Այսօր ես գնալու եմ անցակետ՝ տեսնեմ այդ ինչ 47 հազար դրամ են ուզում, ում համար են ուզում: Ծիծաղելի է… Սրա մասին պետք է մտածենք, թե չորս տարվա ցիկլից հետո մեր մարզիկները Օլիմպիական խաղերում ինչու են այդպիսի արդյունքներ ցույց տալիս: Միայն մեր ներսում պետք է պատճառները փնտրենք, որ մարզիկի նվաճած մեդալի դիմաց մաքսազերծում չպահանջենք 47 հազար դրամ»,- NEWS.am Sport-ին ասել է Փաշիկ Ալավերդյանը: