կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-11-23 18:05
Իրավական

Մեղադրվում է հայուհիների թրաֆիքինգի մեջ

Մեղադրվում է հայուհիների թրաֆիքինգի մեջ

Առաջին հայացքից իրավաբանական գիտելիքներով հարուստ դատապաշտպան հիշեցնող Արմինեն մեղադրվում է երեխայի և մի քանի այլ աղջիկների թրաֆիքինգ կազմակերպելու մեջ:

 

Թուրքիայում վարսահարդարի, մոդելավորողի, բնակարանների մաքրությամբ զբաղվողների' բարձր վարձատրվող աշխատանքի կեղծ խոստումներ տալով' Արմինեն խաբեությամբ հավաքագրել է անչափահաս Լուիզային և 2 այլ աղջիկների' Աստղիկին և Նունեին, կազմակերպել նրանց փոխադրումը Թուրքիայի Մարմարիս քաղաք,  որտեղ, օգտագործելով նրանց խոցելիությունը' հետադարձի ճանապարհածախսի գումար չունենալը, լեզվին չտիրապետելը և տեղանքին ծանոթ չլինելը, ստիպել է նրանց զբաղվել մարմնավաճառությամբ:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Արմինեն, շահագործելով աղջիկներին, տիրացել է նրանց վաստակած գումարներին, աղջիկներին խիստ հսկողության տակ է պահել, հաճախորդներին է տրամադրել անձամբ: 

 

Աղջիկներից մեկին' Աստղիկին, Թուրքիայում ստիպված է եղել բաց թողնել, քանի որ նա խոստովանել է, որ սեռական օրգանների վիրահատություն է տարել և իրեն արգելված է սեռական հարաբերություններ ունենալ: Իսկ Նունեին ստիպել է օրական առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություններ ունենալ, եղել են օրեր' անգամ 10 անգամ: Նունեի վիզայի ժամկետը երկարաձգելու նպատակով  եկել  են Վրաստան, որտեղ աղջիկը, օգտվելով առիթից, հրաժարվել է վերադառնալ Թուրքիա: Դրանից հետո գործը բացահայտվել է, եւ Արմինեն ձերբակալվել է:

 

Այսօր ամբաստանյալը  դատարանին ներկայացրեց իր անմեղության ճառը: Իրավաբանական բարդ տերմիններով, գեղարվեստական ելևէջումներով ուղեկցվող ճառը փշաքաղեցնող էր, սակայն դատարանի և ներկաների քմծիծաղը միայն առաջացրեց: Մոր ճառը հուզեց միայն մարմնավաճառի ճանապարհ անցած, 15 տարեկանում Թուրքիայում հղիացած, այս տարի Հայաստանում ծննդաբերած  դստերը, ով թեեւ 16 տարեկան է, բայց  բավական փարթամ տեսք ուներ: Աղջկա մարմնի տարբեր մասերին տարատեսակ դաջվածքներ են, կտրված երակների սպիներ...

 

Արմինեն հպարտորեն նշում էր, որ մանկուց դստերը սովորեցրել է թուրքերեն, քանի որ մտածել է' թշնամու լեզուն անհրաժեշտ է իմանալ, բայց Թուրքիայում դստեր վարած կյանքի մասին մայրը լռում է: Արմինեն դատարանին հայտնեց, որ իրեն մեղադրող Լուիզան ոչ միայն խաղացել է իր անչափահաս դստեր ճակատագրի հետ, այլև իր սուտ ցուցմունքներով և զրպարտություններով կասկածի տակ է դրել նրա բարի անունն ու հեղինակությունը:


«Մեծ ջանքերից հետո հազիվ կարողացա դստերս ճիշտ ուղու վրա կանգնեցնել, ուսումի տվեցի: 16 ամսից ավելի է' կալանքի մեջ եմ: Իմ  բացակայության հետևանքով աղջիկս մնացել է անօգնական, բախտի քմահաճույքին: Նա հայտնվել է ճահճի մեջ, ինքը երեխա, երեխա է ունեցել: Ես ընդամենը ցանկացել եմ Լուիզայի և նրա նմանների ճիրաններից դստերս փրկել»,- նշեց մեղադրյալը և հավելեց, որ տուժողները բանսարկուներ են, իսկ ինքը միայն օգնել է աղջիկներին' հաշվի չառնելով  նրանց արատավոր անցյալը:

 

Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց ամբաստանյալին դատապարտել  9 տարվա ազատազրկման և  բռնագրավել աղջիկների շահագործման միջոցով ձեռք բերված գույքը, մասնավորապես' մեքենան:

 

 

Հ.Գ. Հերոսների անունները փոխված են, քանի որ ամբաստանյալի պարագայում դատավճիռը դեռևս չի կիրառվել, իսկ տուժողների դեպքում' հասկանալի է' ինչու:

 

Թագուհի Մելքոնյան