կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-30 08:32
Հասարակություն

Լրատվական ծրագրի հերոսուհին մեղադրվում է թրաֆիքինգի մեջ

Լրատվական ծրագրի հերոսուհին  մեղադրվում է թրաֆիքինգի մեջ


«Ծանոթ տաքսի ունեմ, աղջիկներ ունեմ, ձեզ կծանոթացնեմ իրանց հետ, մի քանի անգամ դուրսուներս կանեք, շուտ պարտքերը կփակեք, հետո նորմալ աշխատանք կգտնենք», - սա մի հատված է հեռավոր մարզերից մեկի բնակչուհի, 18 տարեկան Տ-ի հարցաքննությունից, որում աղջիկը նկարագրում է նախաքննության մարմնին, թե ինչպես է «Հույսի ավան» թաղամասի անապահով բնակչուհի Կ-ն իրեն առաջին անգամ ուղարկել մարմնավաճառության։ Աղջկան Կ-ն իր տանն ապրելու էր հրավիրել «լավության» կարգով։ «Լավության» գինը երեխան պարզեց հետո, երբ տաքսիստի հետ գնում-գալիս էր «աշխատանքի»։ Անգամ ծանր հիվանդությունը չփրկեց նրան։ Ըստ երեխայի ցուցմուքների, փորի շրջանում վիրահատությունից հետո իր կարերը չէին հանում, քանի որ Կ-ն փող չէր տալիս բժշկին։ Երեխան ստիպված դիմել է իր հաճախորդ-տղմարդկանցից մեկին, որը մյուսներից բարի էր։ Բարի հաճախորդը երեխային կարերը հանելու տարավ ... դիահերձարան։ Բայց քրեական գործում ավելի սարսափելի դրվագ կա՝ թե ինչպես է Կ-ն երեխային ստիպել «գործի» դուրս գալ երկրորդ վիրահատությունից մի քանի օր անց, իր բուժման համար «ծախսած» փողը «փակելու» համար։ 

 

Ի դեպ, երկու վիրահատություններն էլ, ըստ նախաքննության մարմնին ներկայացված փաստաթղթերի, կատարվել են «պետպատվերով»։ Կ-ի գործը «Աջափնյակ-Դավթաշեն» համայքների ընդհանուր իրավասության դատարանում է։ Նա մեղադրվում է անչափահասին սեռական շահագործման ենթարկելու համար։

 

Ինքը՝ Կ-ն, չի ընդունում իր մեղքը, վստահեցնում է, որ Տ-ին լավ է պահել եւ «իր երեխեքից չի տարբերել»։ Կ-ն ազատամարտիկի կին է, հաշմանդամ երեխաներ ունի։ Որպես ազնիվ եւ սոցիալապես անապահով կին, որպես բազմազավակ մայր եւ դրական կերպար նրան վերջերս նկարահանել եւ ցուցադրել է հեռուստաընկերություններից մեկի լրատվական ծրագրով, հանգամանք, որով Կ-ն պարծենում է։ Ի դեպ, երբ թրաֆիքինգի համար մեղարվող Կ-ն լրատվական ծրագրի  հերոսուհի դարձավ, նրա դատավարությունն արդեն սկսվել էր։

 

Շաքե Թերզյան